Ցմահ ազատազրկված և 1999 թվականից Էմրալի կղզում բանտարկված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանը հանդես եկավ PKK-ն լուծարելու կոչով, որը ողջունել է սիրիական SDP առաջնորդ Մազլում Աբդին
Աբդուլլայ Օջալանի կոչը PKK-ի զինաթափման և լուծարման վերաբերյալ.
PKK-ն հիմնադրվել է XX դարում՝ մարդկության պատմության ամենադաժան ժամանակաշրջանում, երբ տեղի ունեցան երկու համաշխարհային պատերազմներ, իսկ ամբողջ աշխարհում ձևավորվում էր իրական սոցիալիզմի և սառը պատերազմի փորձը։
Քրդական իրականության բացահայտ մերժումը, հիմնական իրավունքների և ազատությունների, հատկապես խոսքի ազատության սահմանափակումը մեծ դեր խաղացին նրա ձևավորման և զարգացման գործում։
PKK-ն զգաց անցած դարի դաժան իրականությունը և սոցիալիզմի համակարգի ազդեցությունը՝ իր կողմից ընդունված տեսության, ծրագրի, ռազմավարության և տակտիկայի տեսանկյունից։ 1990-ականներին, երբ սոցիալիզմի համակարգը փլուզվեց ներքին գործընթացների հետևանքով, երկրի ներսում քրդական ինքնության մերժման մեղմացումը և խոսքի ազատության բարելավումը հանգեցրին PKK-ի հիմնարար նշանակության թուլացման և կրկնությունների ավելացման։
Ավելի քան 1000 տարվա ընթացքում թուրքերի և քրդերի հարաբերությունները հիմնված են եղել փոխադարձ համագործակցության և դաշինքի վրա։ Թուրքերը և քրդերը համարել են անհրաժեշտ պահպանել այս կամավոր միությունը, որպեսզի դիմակայեն գերիշխող տերությունների ճնշմանը և պահպանեն իրենց գոյությունը։
Վերջին 200 տարիների ընթացքում կապիտալիստական ժամանակակից դարաշրջանը հիմնականում կենտրոնացած է եղել այդ միության կործանման վրա։ Տարբեր ուժեր, իրենց դասակարգային շահերից ելնելով, կարևոր դեր են խաղացել այս նպատակի իրագործման մեջ։ Հանրապետության մոնիստական (միատարր) մեկնաբանությունների ի հայտ գալով՝ այս գործընթացն արագացավ։ Այսօր գլխավոր խնդիրն է վերակառուցել պատմական հարաբերությունները, որոնք դարձել են խիստ փխրուն, առանց եղբայրության գաղափարի անտեսման։
Ժողովրդավարական հասարակության ձևավորումը անխուսափելի անհրաժեշտություն է։ PKK-ն, որը եղել է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենաերկարատև և մասշտաբային զինված ապստամբական շարժումը, ձևավորվել և պահպանվել է հենց այն պատճառով, որ ժողովրդավարական քաղաքականության բոլոր ուղիները փակված են եղել։
Ծայրահեղ ազգայնական շեղումների անխուսափելի հետևանքները, ինչպիսիք են առանձին ազգային պետությունը, ֆեդերացիան, վարչական ինքնավարությունը կամ մշակութային լուծումները, չեն համապատասխանում հասարակության պատմական սոցիոլոգիային։
Ազգային ինքնության հարգանքը, ազատ ինքնարտահայտումը, յուրաքանչյուր հասարակական խավի ժողովրդավարական ինքնակազմակերպումը՝ իր սոցիալ-տնտեսական և քաղաքական կառույցների հիման վրա, հնարավոր են միայն ժողովրդավարական հասարակության և քաղաքական միջավայրի առկայության դեպքում։
Հանրապետության երկրորդ դարը կարող է ապահովել կայուն և եղբայրական շարունակականություն միայն այն դեպքում, եթե այն հիմնվի ժողովրդավարության վրա։ Ժողովրդավարական քաղաքական համակարգի որոնման և իրագործման այլընտրանք չկա։ Ժողովրդավարական կոնսենսուսը (համաձայնությունը) հիմնական ճանապարհն է։ Խաղաղության և ժողովրդավարական հասարակության լեզուն պետք է ձևավորվի այս իրողությանը համապատասխան։
Պարոն Դևլեթ Բահչելիի կոչը, ինչպես նաև Հանրապետության նախագահի արտահայտած կամքը և մյուս քաղաքական կուսակցությունների դրական արձագանքը ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ ես հանդես եմ գալիս զինաթափման կոչով և ստանձնում եմ այս պատմական պատասխանատվությունը։
Ինչպես յուրաքանչյուր ժամանակակից կուսակցություն կամ կազմակերպություն, որի գոյությունը չի վերացվել ուժով, PKK-ն պետք է կամավոր կերպով հրավիրի համագումար, ընդունի համապատասխան որոշում, և բոլոր խմբերը պետք է զենքերը վայր դնեն, իսկ PKK-ն՝ ինքնալուծարվի։
Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր հավատում են համատեղ գոյակցությանը և սպասում են իմ կոչին։
2025 թ. փետրվարի 25
Աբդուլլա Օջալան