Իտալացի բժիշկները ուսումնասիրել են կորոնավիրուսային վարակի ծանր ձևերի ազդեցությունը հիվանդների ուղեղի վրա և պարզել, որ դրանք պացիենտների 16%-ի մոտ հիշողության և տեղեկատվության մշակման հետ կապված երկարաժամկետ խնդիրներ են առաջացնում: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրոպական նյարդաբանության ակադեմիայի մամուլի ծառայությունը:
«Մեր դիտարկումները ցույց են տվել վարքային և ճանաչողական էական խնդիրների առկայություն, որոնք դրսևորվել են ապաքինումից մի քանի ամիս անց: Մասնավորապես, մեզ խորապես մտահոգել են ուղեղի ֆունկցիայի փոփոխությունները, որոնք խանգարում են մարդկանց կենտրոնանալ, ծրագրել գործողություններ և հիշել նոր տեղեկություններ», ասել է Միլանի (Իտալիա) Վիտա-Սալուտ Սան Ռաֆաելե համալսարանի պրոֆեսոր Մասիմո Ֆիլիպին, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։