Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նախագահները «Ասոցացված եռյակի» անունից ստորագրել են երեք երկրների՝ Եվրամիություն ձգտելու վերաբերյալ Բաթումի հռչակագիրը: Ստորագրման արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվել է Վրաստանի ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիի ֆեյսբուքյան էջում:
«Հռչակագրի ստորագրումից հետո մենք՝ երեք երկրներս, այլևս նույնը չենք լինի: Մենք ավելի կմերձենանք: Սև ծովն այլևս նույնը չի լինի: Դա կլինի միավորման, մերձեցման խորհրդանիշ երեք երկրների համար: Դրա համար մենք պետք է աշխատենք Եվրամիության հետ բաց ծովի սկզբունքով», ասել է Զուրաբիշվիլին մամլո ասուլիսում`խոսելով փաստաթղթի ստորագրման կարևորության մասին: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։