ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն-Շաբբաթի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում բախումների կապակցությամբ և հրեական պետության կառավարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին ասվում է Սպիտակ տանն առընթեր ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Ջեյք Սալիվանը լուրջ անհանգստություն է հայտնել Երուսաղեմում տիրող իրավիճակի, հատկապես Ռամադանի վերջին օրերին Տաճարի լեռան վրա տեղի ունեցած բախումների կապակցությամբ», նշել է մամուլի ծառայությունը: Բացի դրանից, Բայդենի օգնականը ընդգծել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Շեյխ Ջարրայի շրջանում արաբական ընտանիքների վտարմամբ: Միևնույն ժամանակ, զրուցակիցները համաձայնել են, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռների և պայթուցիկ խառնուրդների արձակումն անընդունելի է: