Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրանցի իր պաշտոնակից Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսով քննարկել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ու Աֆղանստանը։ Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:
«Միջուկային գործարքի վերականգնումն իր սկզբնական հավասարակշռված կազմաձևով՝ ներգրավված կողմերի իրավունքներն ու շահերն ապահովելու միակ ճիշտ միջոցն է», նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հրապարակման մեջ:
«Հատուկ ուշադրության կենտրոնում էր իրավիճակը Աֆղանստանում: Մոսկվան և Թեհրանը շահագրգռված են այդ երկրում կայունության հաստատմամբ որպես տարածաշրջանում և դրանից դուրս անվտանգության ապահովման կարևոր գործոն», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ: