ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես հետաքրքրված չէ միլիարդատեր Իլոն Մասկի հետ զրույցով։
«Նա խելագարվել է», – ասել է Թրամփը ABC-ի լրագրող Ջոնաթան Կարլին։
Անցյալ շաբաթ գործարարը հրաժարական տվեց ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնից, իսկ վերջերս խստորեն քննադատեց Թրամփի կողմից առաջ մղված խոշորածավալ բյուջետային նախագիծը՝ այն անվանելով «զզվելի»։
Սպիտակ տան ղեկավարը հիասթափություն հայտնեց և նշեց, որ ինքը շատ բան է արել Մասկի համար, իսկ ձեռնարկատերը պատասխանեց՝ ասելով, որ հենց նրա շնորհիվ է նախագահը հաղթել ընտրություններում։
Հինգշաբթի Թրամփը առաջարկեց դադարեցնել գործարարի ընկերություններին պետական սուբսիդիաների և պայմանագրերի տրամադրումը՝ բյուջեից միլիարդավոր դոլարներ խնայելու համար։
Մասկն իր հերթին նշել է, որ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործի նյութերը չեն հրապարակվում, քանի որ դրանցում ներգրավված է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը կարծիք հայտնեց, որ միլիարդատերը «խելագարվել է» և նշեց, որ իրեն չեն անհանգստացնում նրա հարձակումները։
Մասկը, նախագահի կողմից սուբսիդիաները չեղարկելու առաջարկից հետո, հայտարարեց, որ SpaceX-ը անմիջապես կսկսի շահագործումից հանել Dragon տիեզերանավը, բայց շուտով փոխեց իր միտքը։
Նա նաև Թրամփի իմպիչմենտի կոչ արեց և առաջարկեց նրան փոխարինել փոխնախագահ Ջեյ Դի Վենսով։
Վեճից հետո Tesla-ի բաժնետոմսերը Ուոլ Սթրիթում առևտրի բացման ժամանակ անկում ապրեցին գրեթե 14 տոկոսով։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Թրամփի խորհրդականները Մասկի հետ հեռախոսազրույց են նշանակել ուրբաթ՝ «հաշտություն հաստատելու» համար։