«Ուրախ եմ տեսնել թեկնածուի, որն իրականում Հայոց ցեղասպանությունն անվանում է «ցեղասպանություն»,- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Քվիենի թեկնածության հաստատման լսումների ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։
Մենենդեսն ասել է, որ նախկինում արգելափակել է այն թեկնածուներին, որոնք Սենատի լսումների ժամանակ իրենց պատասխաններում ժխտել են Հայոց ցեղասպանությունը:
Սենատոր Մենենդեսը իր խոսքում նշել է.«Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Մենք ականատես եղանք Ադրբեջանի հարձակումներին, ինչպես նաև տեսանյութերին, ուր պատկերված են ռազմական հանցագործություններ,
Մենք պետք է իմանանք՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը իրականացրել է նման սպանություններ, որպեսզի կարողանանք որոշել, թե արդյո՞ք պետք է չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, թե ոչ: Ես ցանկանում եմ, որ այնտեղ նշանակվող դեսպանն ակտիվորեն օգնի մեզ որոշելու՝ այս մահապատիժները, սպանությունները, այլ գործողությունները ճի՞շտ են, թե ոչ, կամ մի գուցե մասամբ են ճիշտ, և դրա մասին տեղեկացնի պետքարտուղարությանը և հանձնաժողովին, որպեսզի մենք՝ քաղաքականություն մշակողներս, որոշում կայացնենք: Կարո՞ղ եմ արդյոք այս հարցում ապավինել Ձեզ»,- հարց ուղղեց սենատոր Մենենդեսը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենը պատասխանեց. «Այո, սենատոր, կարող եք: Ասեմ ավելին՝ ինձ համար շատ կարևոր է նման բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը, և ես աշխատանք կտանեմ՝ վստահ լինելու համար, որ առկա է պատասխանատվություն»,- պատասխանել է Քվիենը: