Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում վերջին երկու օրվա ընթացքում առատ տեղումների պատճառով փլուզումների և սողանքների պատճառով զոհերի թիվը կազմել է 129 մարդ: Եվս 80-ից ավելի մարդ դեռևս անհայտ կորած է, ուրբաթ հաղորդել է Times of India-ն:
Փորձագետների կարծիքով, նման հզոր մուսոնային անձրևները նահանգում գրանցվում են վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ: Կան տվյալներ, որ Մահարաշտայի որոշ շրջաններում օրական 400-ից 600 մմ տեղումներ են եղել:
Աղետի վայրերում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Իշխանությունները դիմել են ազգային ռազմածովային ուժերի օգնությանը: Երկրի արևմտյան ռազմածովային հրամանատարությունը մոբիլիզացրել է փրկարարական ջոկատները և ռազմական ուղղաթիռներ տեղակայել քաղաքացիական վարչակազմին օգնելու համար: