ԱՄՆ նախագահի՝ կլիմայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերին երեքշաբթի օրը Մոսկվայում իր ռուսաստանցի գործընկեր Ռուսլան Էդելգերիևի հետ բանակցություններն անվանել է արդյունավետ՝ հանդիպման վերաբերյալ իր գնահատականը տալով Twitter-ում արված գրառման մեջ:
Քերին երկուշաբթի օրը սկսեց եռօրյա այցը Մոսկվա, նրան ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ջոն Քերին Ռուսլան Էդելգերիևի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ընդլայնել երկու երկրների գիտական համագործակցությունը կլիմայի ուղղությամբ: Ավելի քան երեք ժամ տևած խորհրդակցությունների ընթացքում կողմերը բարձրաձայնել են հարցերի լայն շրջանակ: Քերին ներկայացրել է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ ԱՄՆ-ի ձեռնարկած միջոցառումները։
2013-2017 թվականներին Քերին աշխատել է որպես ԱՄՆ պետքարտուղար, հայտնում է ՏԱՍՍ-ը։