ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին կոչ է արել Անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆի նկատմամբ սպանության սպառնալիքների մասին լուրերը, հայտնում է Tasnim-ը։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Մայքլ Վալցին ուղղված մարտի 26-ի նամակում Սայիդ Իրավանին մտահոգություն է հայտնել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին սպանելու ԱՄՆ-ի և Իսրայելի ենթադրյալ ծրագրերի կապակցությամբ՝ պնդելով, որ նման գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և սպառնում են համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը։
«Իմ կառավարության հանձնարարությամբ և ի լրումն ագրեսիայի, ռազմական հանցագործությունների ու ահաբեկչական գործողությունների վերաբերյալ իմ նախորդ հաղորդագրությունների, որոնք 2026 թվականի փետրվարի 28-ից իրականացվում են ԱՄՆ-ի և իսրայելական վարչակարգի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ, դիմում եմ Ձեզ՝ Ձերդ Գերազանցության և Անվտանգության խորհրդի անդամների հրատապ ուշադրությունը հրավիրելով զանգվածային լրատվամիջոցների այն հաղորդումների վրա, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգներն ու իսրայելական վարչակարգը թիրախավորել են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իսլամական խորհրդակցական ժողովի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆին և արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիին՝ որպես մահափորձի օբյեկտներ, ընդ որում՝ այդ ծրագրերի ցանկացած կասեցում որակվում է որպես ժամանակավոր», – ասված է Իրավանիի նամակում:
Իրանի մշտական ներկայացուցիչն իր նամակում ընդգծում է, որ այդ հաղորդումները վկայում են գործող օպերատիվ սխեմայի մասին, որը նախատեսում է Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան քաղաքական գործիչների սպանությունը։
«Գործնականում նման քաղաքականությունն արդեն իսկ իրականացվել է համակարգված կերպով, մասնավորապես՝ 2026 թվականի փետրվարի 28-ին Իրանի դեմ մեկնարկած ագրեսիվ գործողությունների հենց սկզբից, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի և մի քանի բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների սպանությամբ։ Նման քաղաքականությունը միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերի կոպիտ խախտման ակնառու վկայություն է», – ասված է Իրանի ներկայացուցչի ուղերձում:





