Միջուկային զենքի արտադրության համար նյութեր ձեռք բերելու համար Իրանից կպահանջվի մոտ երկուսուկես ամիս: Այս կարծիքը չորեքշաբթի հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների դեսպանների համար ճեպազրույցում:
«Իրանը խախտել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր գլխավոր սկզբունքները, և նրան մնացել է ընդամենը 10 շաբաթ մինչև միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը: Գործողության ժամանակն է, խոսքերն արդեն բավարար չեն», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելցի նախարարի խոսքով ՝ «եկել է դիվանագիտական, տնտեսական և նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակը»: «Իրանի ժողովուրդը մեր թշնամին չէ, Իրանի ռեժիմն է սպառնում մեզ [Իսրայելին] և խթանում սպառազինությունների տարածաշրջանային մրցավազքը», հավելել է նա: