Ձերբակալության օրդեր է տրվել 106 կասկածյալի, այդ թվում՝ Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրամ Իմամօղլուի նկատմամբ. ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը՝ մեկնաբանելով ընդդիամդիր գործչի կալանավորումը։
Նրա խոսքով՝ երկու հետաքննության շրջանակներում կալանավորվել է 106 մարդ. «Ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու մեղադրանք կա։ Սխալ է եզրակացություններ անելը` չիմանալով հարցի էությունը։ Դատարանը չի ենթարկվում որեւէ մեկի հրամաններին կամ հրահանգներին»։
Նախարարն անընդունելի է անվանել կալանավորումների դեմ փողոց դուրս գալու կոչերը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ ոստիկանության իրականացրած գործողությունը կապված է կոռուպցիոն հանցագործությունների լայնածավալ հետաքննության հետ։ Ավելի վաղ խուզարկություն էր կատարվել քաղաքապետի տանը։
Հաղորդվում է, որ բերման են ենթարկվել քաղաքապետը, նրա մամուլի քարտուղարը և քաղաքապետարանի մոտ 100 այլ աշխատակից:
Նշենք, որ Իմամօղլուի ինստագրամյան էջում հետևորդների թիվը 100 հազարով ավելացել է։