Թալիբան շարժումը պատրաստվում է աֆղանական համալսարանների ծրագրերից հեռացնել շարիաթի օրենքներին հակասող առարկաները, հաղորդում է Tolo News-ը:
Ավելի վաղ Khaama Press գործակալությունը հայտնել էր, որ ակնկալվում է ուսումնական ծրագրի փոփոխություն համալսարաններում․ երկրորդական առարկաները կփոխարինվեն ավելի ժամանակակից առարկաներով, որպեսզի աֆղանները կարողանան մրցակցել այլ երկրների ուսանողների հետ:
«Իսլամի օրենքներին հակասող յուրաքանչյուր առարկա դուրս կմնա (ծրագրից)», – Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Բակի Հաքանի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
Ներկա դրությամբ չի նշվում, թե որ առարկաներից են պատրաստվում հրաժարվել իշխանությունները: Բարձրագույն կրթության նախարարությունը նաև խոստանում է հետագայում գործարկել հատուկ ծրագիր, որը հնարավորություն կտա ուսանողներին սովորել արտերկրում: