Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների շրջանակներում հանրապետությունը կստանա Սպուտնիկ V պատվաստանյութի «տպավորիչ քանակություն»: Հեռարձակումը վարել է NTV հեռուստաալիքը:
«Մենք բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ, և հուսով եմ, որ Սպուտնիկ V պատվաստանյութը մեզ կտրամադրվի: Մեր համապատասխան նախարարությունը դեռ բանակցելու է ռուսական կողմի հետ, ես այդ հարցը կքննարկեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հուսով եմ, որ կստանանք Սպուտնիկ V-ի տպավորիչ քանակություն Ռուսաստանից», ասել է նա:
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիայում կորոնավիրուսի դեմ «բնակչությանը պատվաստանյութեր տրամադրելու հետ կապված խնդիրներ չկան»:
«Մենք պատվաստանյութեր ունենք: Դրանք շատ են, հետևաբար ես չեմ ընդունում այդ մասին որևէ շահարկում: Բացի Ռուսաստանից, Գերմանիայի հետ որոշակի պայմանավորվածություններ կան մատակարարման վերաբերյալ: Եվ մենք աշխատում ենք տեղական պատվաստանյութի վրա», ասել է Էրդողանը: