Ուկրաինան, եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել մայիսի 12-ին սկսել լիակատար և անվերապահ հրադադար։ Այն պետք է տևի առնվազն 30 օր. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Կամքի կոալիցիայի» հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք միասին սա պահանջում ենք Ռուսաստանից։ Մենք գիտենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ աջակցում է այս հարցում։ Անվերապահ հրադադարը նշանակում է հրադադար առանց որևէ նախապայմանի։ Ցանկացած պայման առաջ քաշելու փորձ վկայում է պատերազմը երկարաձգելու և դիվանագիտությունը խաթարելու մտադրության մասին։ Հրադադարը պետք է լինի համապարփակ՝ օդում, ծովում և ցամաքում», – ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ լիովին հնարավոր է ապահովել հրադադարի մոնիթորինգը՝ Միացյալ Նահանգների հետ համակարգված կերպով։ Զելենսկու խոսքով՝ 30-օրյա հրադադարը իրական հնարավորություն կտա դիվանագիտությանը։
«Այս ընթացքում աշխատանքը կկենտրոնանա խաղաղության անվտանգության, քաղաքական և մարդասիրական հիմքերի սահմանման վրա։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ հրադադարի և իմաստալից դիվանագիտության անցնելու պահանջը աջակցվում է բոլորի կողմից՝ ոչ միայն եվրոպական երկրների, այլև Միացյալ Նահանգների, որն առաջինն էր առաջարկել դա», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է գլխավոր դեր խաղա մոնիթորինգում, բայց դրան կմասնակցեն բոլոր գործընկերները։
«Մենք համաձայնության ենք եկել Ռուսաստանի Դաշնության դեմ լայնածավալ պատժամիջոցներ կիրառել, եթե նա խախտի պայմանավորվածությունը։ Այս հարցը կմշակվի և կհամակարգվի ամերիկացիների և եվրոպացիների կողմից», – ընդգծել է Մակրոնը։