20-ամյա «ահաբեկչության դեմ պատերազմում» օդային հարվածների արդյունքում ԱՄՆ-ն սպանել է առնվազն 22,000 խաղաղ բնակչի: Հնարավոր է նաև, որ նրանց թիվը կարող է հասնել 48 հազարի: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Airwars մշտադիտարկմական խմբի վերլուծությունը: Թվերը հրապարակվել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի նախօրեին:
Ընդհանուր առմամբ, 2001 թվականից ի վեր, Միացյալ Նահանգները գրեթե 100 հազար օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Պակիստանի, Սիրիայի և Սոմալիի տարածքներին: