Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային հրաժարվել Ռուսաստանից զենք և ռազմական տեխնիկա ձեռք բերելու ծրագրերից՝ նախազգուշացնելով, որ դրանք առանց հետևանքների չեն մնա: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Մոսկվայից զենքի և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակներ գնելու հնարավորության մասին:
«Մենք կոչ ենք անում Թուրքիային չպահել [ավելի վաղ Մոսկվայից արդեն գնված] Ս-400 համակարգը և ձեռնպահ մնալ ռուսական լրացուցիչ ռազմական տեխնիկայի ձեռքբերումից: Մենք դա հստակեցնում ենք Թուրքիային, ինչպես նաև այն, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե նա սկսի շարժվել այդ ուղղությամբ», – ասել է ԱՄՆ ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։