Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած ճեպազրույցում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է․
«Մենք պատրաստ ենք հետպատերազմյան ժամանակաշրջանին: Մենք պետք է տարածաշրջանում համագործակցության նոր հարթակ ձևավորենք: Դա կարող է լինել բազմակողմ հարթակ: Եվ դրանից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր այն երկրները, որոնք կմասնակցեն դրան», հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա շեշտել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև գոյություն ունեն համագործակցության ավանդական ձևաչափեր: «Այս հիմքի վրա մենք կարող ենք ստեղծել միասնական հարթակ: Եթե Հայաստանի ղեկավարությունը ճիշտ եզրակացություններ անի պատերազմից, հրաժարվի իր անհիմն պնդումներից և նայի առաջ, ապա այս հարթակում Հայաստանի համար տեղ կա: Մենք դրա համար բաց ենք», ասել է Ալիևը: