Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենի նախարար Ժյուլյեն Դենորմանդին հայտարարել է Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման պատճառով սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նախարարությունը պարզաբանում է, որ վարակվելու վտանգի բարձրացման պատճառով թռչունները պետք է պահվեն փակ տարածություններում կամ ցանցերում։ Միաժամանակ պարտադիր պատվաստում է մտցվում կենդանաբանական այգիների թռչունների համար, որոնք չեն կարող տեղավորվել կացարանում։ Գերատեսչությունն ընդգծել է, որ այս միջոցառումները պետք է ուղեկցվեն բոլոր տնտեսություններում թռչունների վիճակի ամենօրյա մշտադիտարկմամբ։