ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել իր աշխատակազմի հետ, ասել է, որ կադրային քաղաքականության հարցում վերջնական խոսքը պատկանում է դաշնային գերատեսչությունների ղեկավարներին, այլ ոչ թե DOGE-ի ղեկավար Իլոն Մասկին. հայտնում են Reuters-ը, Politico-ն և CNN-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Թրամփի հանդիպումը դաշնային գերատեսչությունների ղեկավարների հետ տևել է 90 րոպե և անցել առանց տեսախցիկների, հաղորդում է CNN-ը։
Թրամփը, մասնավորապես, նշել է, որ թեև լիովին աջակցում է Մասկի ջանքերին՝ կրճատելու անձնակազմի թիվը և ծախսերը, սակայն միլիարդատերը և նրա ղեկավարած կառավարության արդյունավետության վարչությունը միայն խորհրդատվական դեր են ունենալու. գրում է Reuters-ը։
Ինքը՝ Մասկը, ով նույնպես մասնակցել է հանդիպմանը, հասկացրել է, որ համաձայն է Թրամփի հրամանին։ Ըստ Politico-ի՝ գործարարը նույնիսկ խոստովանել է, որ իր գերատեսչությունը «որոշ սխալներ է թույլ տվել»։
Հանդիպումը, ինչպես նշում է CNN-ը, «նախագահի կողմից Մասկի լայն լիազորությունները սահմանափակելու փորձի առաջին օրինակներից մեկն էր»։ Politico-ն նաև եզրակացնում է, որ սա «առաջին նշանակալից քայլն է Մասկի մանդատի նեղացման ուղղությամբ»։ Նշենք, որ ավելի վաղ նա ամերիկյան կառավարության աշխատակիցների լայնածավալ կրճատումներ էր նախաձեռնել։
Սպիտակ տանը հանդիպումից հետո Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է , որ չի հրաժարվում պետական աշխատողների թվի կրճատման գաղափարից, այլ կարևոր է համարում «լավագույն և ամենաարդյունավետ աշխատողներին պահելը»։
Մենք ասում ենք՝ օգտագործեք նշտար, ոչ թե կացին:
ԱՄՆ նախագահի խոսքով, հանդիպումն անցել է «շատ դրական ոգով», և մասնակիցների միջև «արտասովոր» հարաբերություններ են հաստատվել։
Թրամփը խոստացել է այդպիսի հանդիպումներ անցկացնել երկու շաբաթը մեկ, մինչև պետական աշխատողների թիվը հասնի «այն մակարդակին, որը պետք է»:
Վերջին շաբաթների ընթացքում Թրամփի վարչակազմը տասնյակ հազարավոր դաշնային աշխատակիցների ազատել է բազմաթիվ գործակալություններից: