Պենտագոնը տեղյակ է բրիտանական The Times թերթի այն հրապարակման մասին, որ իբր Լիբիայում ռուսական ինքնագնաց հակաօդային հրթիռային Панцирь-C1 համակարգն իբր ընկել է ԱՄՆ զինված ուժերի ձեռքը, բայց չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։
Ավելի վաղ բրիտանական Times թերթը հոդված էր հրապարակել, համաձայն որի՝ անցյալ տարի Լիբիայում ռուսական ինքնագնաց զենիթահրթիռային համակարգը, որը գնվել է ԱՄԷ-ի կողմից, գողացվել է Լիբիայի ռազմաճակատի դաշտում, որն այնուհետև գաղտնի հասցվել է Գերմանիայում ՆԱՏՕ-ի ավիաբազա: Հրապարակման համաձայն՝ հատուկ ջոկատը օդանավակայան է ժամանել ամերիկյան C-17 Globemaster ռազմական տրանսպորտային ինքնաթիռով՝ ՀՕՊ համակարգը Ռամշտայնի ավիաբազա տեղափոխելու համար: Նշվում է, որ ՀՕՊ համակարգը, իբր, Ռուսաստանից գնել է ԱՄԷ-ն, այնուհետև այն ուղարկվել է Լիբիա՝ մարշալ Խալիֆա Հաֆթարին հավատարիմ ուժերին աջակցելու:
«Մենք տեղյակ ենք բրիտանական Times-ի հրապարակման մասին: Պետդեպարտամենտը կարող է ձեզ մանրամասն տեղեկություններ տրամադրել Լիբիայի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականության վերաբերյալ»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ԱՄՆ ՊՆ խոսնակ Ջեսիկա ՄաքՆալթին:
Նա շարունակել է, որ Վաշինգտոնը դեմ է Լիբիայում ռազմական միջամտությանը և աջակցում է այդ երկրում հոկտեմբերի 23-ին կնքված՝ զինադադարի համաձայնագրին, որը պարունակում է դրույթ օտարերկրյա զորքերի դուրսբերման մասին:
«Մենք շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ նրան, որ ժամանակակից սպառազինության համակարգերը Լիբիա չմտնեն կամ Լիբիայից չփոխանցվեն վտանգավոր խաղացողներին»,- ավելացրեց ՄաքՆալթին:
Հիշեցնենք, որ ռուսական Панцирь-C1 համակարգերը համարվում են ներկայումս աշխարհում գոյություն ունեցող այն եզակի համակարգերից, որոնք արդյունավետորեն են պայքարում ԱԹՍ-ների դեմ։