Տարածաշրջանում կլիմայի փոփոխության և Տիգրիս ու Եփրատ գետերի ակտիվ օգտագործման պատճառով Իրաքը կարող է ջրի լուրջ պակաս ունենալ մինչև 2035 թվականը: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Բարհամ Սալեհը՝ խոսելով շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ:
«Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքը տառապել է տարբեր ցնցումներից. պատերազմը, պատժամիջոցները, ահաբեկչությունը և ներքին բախումները սպառնում են նրա կայունությանը և քաղաքացիների բարեկեցությանը: Բայց երկրի համար ամենալուրջ և երկարաժամկետ սպառնալիքը կապված է կլիմայի փոփոխության պատճառով հնարավոր տնտեսական ազդեցության ու շրջակա միջավայրի ոչնչացման հետ: <…> Ըստ Իրաքի ջրային ռեսուրսների նախարարության, մինչև 2035 թվականը մեր երկիրը կարող է բախվել տարեկան գրեթե 10,8 միլիարդ խորանարդ մետր ջրի պակասի», – Սալեհի խոսքերը մեջբերել են նախագահական գրասենյակի կայքում:
«Անապատացումն ազդում է Իրաքի տարածքի 39%-ի վրա, իսկ մեր հողերի 54%-ը գտնվում են գյուղատնտեսական ներուժի կորստի սպառնալիքի տակ», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: