ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ՝ Ամիր Սաիդ Իրավանին նշելով, որ Թեհրանը վճռականորեն մերժում և դատապարտում է ԱՄՆ պաշտոնյաների, այդ թվում՝ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի «հանդուգն և սադրիչ հայտարարությունները», զգուշացրել է.-Ագրեսիայի ցանկացած ակտ կունենա ծանր հետևանքներ, որոնց համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Միացյալ Նահանգները։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին տեղական ժամանակով երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին հղած նամակում նշել է․-«Ցանկանում եմ խոր մտահոգություն արտահայտել եւ կտրականապես դատապարտել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի վերջին թշնամական հայտարարությունները, որոնք հուսահատորեն փորձում են անօրինական կերպով արդարացնել Եմենի դեմ ԱՄՆ ագրեսիան եւ ռազմական հանցագործությունները՝ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ եւ բացահայտորեն սպառնալով ուժ կիրառել»։
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան դիվանագետը հավելել է. «Սադրիչ հայտարարությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության, հատկապես դրա 2-րդ հոդվածի 4-րդ կետի ակնհայտ խախտում է, որն արգելում է անկախ պետությունների դեմ ուժի սպառնալիքը կամ ուժի կիրառումը»:
«Հաշվի առնելով միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես մերժում և դատապարտում է այդ հանդուգն և սադրիչ հայտարարությունները»,ասված է Իրավանիի նամակում:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման իր պարտավորություններին,միջազգային իրավունքի շրջանակներում վճռականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը թշնամական գործողություններից։ԻԻՀ-ն զգուշացնում է, որ ագրեսիայի ցանկացած ակտ կունենա ծանր հետեւանքներ, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրելու է Միացյալ Նահանգները»։
Առիթը պատեհ համարելով ևս մեկ անգամ լիովին մերժում եմ Եմենի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների կեղծ և անհիմն մեղադրանքները, ինչպես նաև տարածաշրջանում այսպես կոչված Իրանի ապակայունացնող գործունեության վերաբերյալ Բրիտանիայի և Ֆրանսիայի մեղադրանքները, որոնք արծարծվել են Անվտանգության խորհրդի 2025 թվականի մարտի 6-ի դռնբաց նիստում։ Այս մեղադրանքները լիովին անհիմն են և անհեթեթ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը այս անհիմն պնդումները համարում է այս երեք երկրների կանխամտածված և հաշվարկված փորձ՝ շեղելու հանրային կարծիքը Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում պաղեստինցի ժողովրդի և տարածաշրջանի այլ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության և պատերազմական հանցագործություններին իրենց մեղսակցությունից, ինչպես նաև այս երկրների՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկելու հարցում ձախողումից։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը վերջում պահանջել է, որ այս նամակը գրանցվի և տարածվի որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ։