Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ Իմրալիի բանտում հանդիպելու Քրդական բանվորական կուսակցության (PKK) ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։
«Եթե անհրաժեշտ լինի, ես ինձ հետ երեք ընկերոջ կվերցնեմ և կգնամ Իմրալին», – կուսակցության ժողովին հայտնել է նա։
Դևլեթ Բահչելին ընդգծել է, որ եթե նպատակը ահաբեկչությունից զերծ, ավելի ու ավելի ուժեղ Թուրքիան է, ապա Իմրալի մեկնելու հարցում տատանվելու իմաստ չկա։
Նշենք, որ Դևլեթ Բահչալին հանդիպել է նաև Օջալանի հետ բանակցություններ վարող Դեմոկրատական կուսակցության պատվիրակության հետ։
Հիշեցնենք, որ Քրդական բանվորական կուսակցություն (ՔԲԿ) կազմակերպության ձերբակալված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը դիմել էր իր կողմնակիցներին։ Օջալանի անունից հրապարակված գրավոր հայտարարության մեջ կոչ էր արվում «զենքերը վայր դնել»։ ՔԲԿ առաջնորդի կոչից հետո Սուլեյմանիեում մի խումբ անդամներ զինաթափվեցին։
Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 26 տարի է, ինչ գտնվում է Իմրալի բանտում։ Նա ձերբակալվել է 1999 թվականի փետրվարին, Քենիայում և տեղափոխվել Թուրքիա։ Օջալանին դատապարտել են մահապատժի, պատիժը հետագայում փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։





