ԵՄ-ի հատկացրած 75 մլն եվրոյից իշխանությունների հրաժարվելու պատճառն այն է, որ Բրյուսելն ինքն է որոշել դադարեցնել մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշի հատկացումը էլիտար կոռուպցիայի պատճառով. հայտնում է վրացական Formula-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը բանաձևի նախագիծ է պատրաստում, որը վերաբերում է բարձր մակարդակի կոռուպցիային, դրանում նաև տեղեկություններ են պարունակվում Վրաստանի դատական համակարգում լուրջ խախտումների մասին:
Աղբյուրի տվյալներով՝ իշխող թիմին հայտնի են ԵՄ-ի ծրագրերը. «Վրացական երազանքը» լոբբիստներ է վարձել բանաձևի կետերի փոփոխման համար, սակայն արդյունքի չի հասել, որից հետո իշխանությունները որոշել են փոխել հռետորաբանությունը՝ հայտարարելով, թե 75 մլն եվրոն ոչ թե Եվրամիության օգնություն է, այլ երկարաժամկետ վարկ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին, ելույթ ունենալով լրագրողների առջև, կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին նշել էր, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել արտաքին պարտքի կրճատմանը և, հավանաբար, կհրաժարվի ԵՄ-ի երկրորդ տրանշից: