Եվրամիությունը հավատարիմ է մնում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին ասվում է Եվրախորհրդի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի (որպես ԵՄ նախագահող երկիր) և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ տեսակոնֆերանսի արդյունքներով։
«Միշելը և Մակրոնը վերահաստատել են իրենց լիակատար հավատարմությունը՝ աջակցելու լարվածությունը նվազեցնելու և տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին», — ասվում է հայտարարության մեջ։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռազմագերիների փոխադարձ ազատ արձակման, անհայտ կորածների որոնման համատեղ ջանքերի և երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն առնչվող հարցեր։
Համաձայն հաղորդագրության՝ ԵՄ-ն և Ֆրանսիան վերահաստատել են նաև իրենց պատրաստակամությունը աշխատելու բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ՝ «բարեկեցիկ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար»: