ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները մոտակա հանդիպմանը կքննարկեն Ռուսաստանի ենթադրյալ «ռազմական գործունեությունը Ուկրաինայի շուրջ»: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցից հետո:
«Ես խոսեցի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Լուրջ մտահոգությամբ հետևում եմ Ռուսաստանի ռազմական գործունեությանը Ուկրաինայի շուրջ: Մենք հաջորդ հանդիպմանը կշարունակենք քննարկումներ վարել Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտգործնախարարների հետ», գրել է նա Twitter-ում:
Վերջին օրերին արևմտյան երկրների ներկայացուցիչները բազմիցս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ռուսական ուժերի կուտակման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների հետ կապված: Ինչպես ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուսական զորքերի տեղաշարժը Ռուսաստանի տարածքով չպետք է անհանգստացնի այլ պետություններին, քանի որ դա նրանց ոչ մի կերպ չի սպառնում: Նա նաև շեշտել է, որ այն, ինչ տեղի է ունենում Դոնբասում, ներքին ուկրաինական հակամարտություն է, որին երբեք չեն մասնակցել ռուսական զորքերը: