Ուրանի 60% հարստացման Իրանի որոշումը չի նպաստում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ համատեղ մամլո ասուլիսում, հաղորդում է Բլումբերգը:
«Մենք չենք աջակցում և չենք կարծում, թե դա ինչ-որ օգուտ կբերի, երբ Իրանն ասում է, որ պատրաստվում է անցնել մինչև 60% հարստացման: Դա հակասում է համաձայնագրին», ասել է ամերիկացի առաջնորդը:
«Այնուամենայնիվ, մենք ուրախ ենք, որ Իրանն առաջվա պես պատրաստ է անմիջական բանակցություններ վարել մեզ հետ և մեր գործընկերների հետ այն մասին, թե ինչպես ենք մենք առաջ շարժվելու և ինչ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք վերադառնալ Գործողության համատեղ համապարփակ ծրագրին, որպեսզի նորից դառնանք դրա մաս: Մենք, ըստ իս, երբեք չպետք է դուրս գայինք դրանից», պնդում է Բայդենը: