Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավորած միջազգային թիմը ավարտում է իր աշխատանքը Չինաստանում և պատրաստելու է մանրամասն զեկույց դրա արդյունքների վերաբերյալ, հայտարարել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերխովեն:
«Թիմն ավարտում է իր աշխատանքը։ Մասնագետներն այցելել են մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ, և կառուցողական զրույցներ ունեցել չինացի գործընկերների հետ։ Այցից հետո պատրաստվելու է զեկույց, որը չի տրամադրի բոլոր հարցերի պատասխանները», – շեշտել է Վան Կերխովեն: «Սա միայն սկիզբն է: Ստացված պատասխանները նոր հարցեր են առաջացնում: Հետևաբար, մենք անպայման ավելի շատ հետազոտությունների կարիք կունենանք»:
Նա վստահեցրել է, որ երբ զեկույցը պատրաստ լինի, այն կհրապարակվի և հասանելի կդառնա հանրությանը:




