Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին և դրան հաջորդող ֆինանսական ճգնաժամի պայմաններում արձանագրեց վերջին 40 տարիների ռեկորդային անկումը։ Պատճառներից մեկն այն է, որ բնակիչները հնարավորինս կրճատել են իրենց ծախսերը։
Նման բան չի նկատվել ֆինանսական ոլորտում 1979 թվականից ի վեր։
«Մարտի 23-ից սկսած ձեռնարկությունների մեծ մասի փակումը նշանակում էր, որ տնային տնտեսությունները չէին կարողանա ծախսեր կատարել նույնիսկ ցանկության դեպքում», Reuters գործակալությունը մեջբերում է Capital Economics-ի տնտեսագետ Թոմաս Փյուի խոսքերը։ Նրա կարծիքով, ազգային տնտեսությունը կկարողանա մինչճգնաժամային մակարդակին հասնել միայն 2020 թվականի վերջերին։
Ազգային վիճակագրության տվյալների համաձայն, ապրիլին Մեծ Բրիտանիայի տնտեսությունը մարտի համեմատ անկում է ապրել 20,4%-ով, թեև վերջերս վերականգնման նշաններ են նկատվում։
Ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում երկրում կիրառված սահմանափակումները հարվածել են գրեթե բոլոր ոլորտներին։ Անգլիայի բանկը չի բացառում, որ սա կարող է լինել վերջին երեք հարյուր տարվա ամենախոշոր տնտեսական անկումը։