Հայաստանում իրանական առևտրի կենտրոնն ամենախոշորն է ողջ աշխարհում, և դա վկայում է Իրանի և Հայաստանի միջև բարեկամական խոր հարաբերությունների մասին, Հայաստանում Իրանի առևտրի կենտրոնի պաշտոնական բացմանն այսօր հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանի խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ծավալները թռիչքաձև աճ է գրանցել, և ինքը լիահույս է, որ իրանական առևրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը։
«Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները բազմակողմ են, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ տնտեսական, առևտրային, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը երկու երկրների միջև կարող են փոխլրացնել միմյանց։ Առևտրային, տնտեսական, փոխադրումների, ինչպես նաև էներգետիկ ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը շատ լուրջ կապիտալ կստեղծի հայ և իրանից ժողովուրդների, երկու պետությունների համար։
Մենք վճռական ենք օգտվելու առկա բոլոր հնարավորություններից և ներուժից՝ առավել զարգացնելու տնտեսական և առհասարակ բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերություննեը»,- նշեց դեսպանը։
Բարձրաստիճան դիվանագետը հայտարարեց, որ երկու երկրների ղեկավարների մոտ առկա է քաղաքական հզոր կամք ՝ զարգացնելու երկկողմ փոխգործակցությունը, և համապատասխան օղակները պարտավորված են զգում հետևողական լինել երկու երկրների ղեկավարների կողմից դրսևորված կամքի ուղղությամբ։
Մեհդի Սոբհանին միաժամանակ հավելեց՝ երկու երկրների ղեկավարները սահմանել են Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության 3 միլիարդի շեմը, և ջանքեր են գործադրվելու՝ այն իրողություն դարձնելու ուղղությամբ։
Վերջում դեսպանը հույս հայտնեց, որ ՀՀ կառավարության կողմից աջակցությունը շարունակական բնույթ կկրի։