ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն այդ ոլորտում: ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ առավել մանրամասն ուսումնասիրվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների պատճառները։
«Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է վառելիքի տարբեր տեսակների իրացման գների թանկացումներ, մասնավորպես 10-ից մինչև 30 դրամի սահմաններում։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բեզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով՝ Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկաներում տեղի ունեցած գործընթացներով, մասնավորապես՝ շուկայական գործընթացների բնականոն ընթացքի վերականգնմամբ,
• ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկմամբ,
• Ձեռքբերման գների բարձրացմամբ։
Այսպես՝ դեռևս 2020 թվականի տարեսկզբին կորոնավիրուսային համավարակի կանխարգելման գործընթացների շրջանակներում իրականացված սահմանափակումները բացասաբար անդրադարձան համաշխարհային տնտեսության վրա, այդ թվում նաև՝ նավթի և նավթամթերքի շուկաների։ Կիրառված սահմանափակումներն աննախադեպ ազդեցություն ունեցան նավթի և նավթամթերքի պահանջարկի վրա և շուկայում առաջացավ զգալի ավելցուկ, որը նաև իր ազդեցությունն ունեցավ նավթի համաշխարհային գների վրա, ինչը 1991 թվականից ի վեր գրանցված նավթի գնի ամենակտրուկ անկման արդյունք հանդիսացավ։
Այնուհանդերձ պետք է նշել, որ նավթը բենզինի և դիզելային վառելիքի արտադրական ինքնարժեքում շատ փոքր մասնաբաժին ունի (կախված տարբեր երկրների հարկային և մաքսային վարչարարություններից` մինչև 10%), և այս պարագայում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների նվազման հիմնական պատճառ հանդիսացավ այդ ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի կտրուկ անկումը՝ պայմանավորված գործող սահմանափակումներով։
Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկայում տեղի ունեցած գործընթացներն իրենց արտացոլումը գտան նաև Հայաստանի Հանրապետությունում, երբ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գները նվազեցին մինչև 26%-ով։Համաշխարհային տնտեսական գործընթացների վերականգմանը զուգընթաց նաև սկսվեց կարգավորվել նավթի և նավթամթերքի շուկաներում պահանջարկը, ինչը նպաստեց նավթի գների բարձրացմանը, մասնավորապես՝ 2020 թվականի ապրիլ և 2021 թվականի փետրվար ամիսներին «Brent» տեսակի նավթի բորսայական միջին գինը բարձրացել է շուրջ 134%-ով։ՀՀ դրամի արժեզրկումը ևս ազդեցություն ունեցավ ներկրվող ապրանքատեսակների, այդ թվում՝ բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի ձևավորման վրա, քանի որ ներկրվող վառելիքի դիմաց վճարումն իրականացվում է արտարժույթով։ 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ բարձրացել է շուրջ 9%-ով (փոխարժեքի միջին ամսական ցուցանիշների հիման վրա)։
Հանձնաժողովը իրացման գների բարձրացման պատճառները պարզելու նպատակով ուսումնասիրել է առավել խոշոր ներկրման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից վառելիքի ձեռքբերման գները։
Ձեռքբերման գների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ռուսաստանի Դաշնությունից ձեռքբերվող վառելիքի գինը բարձրացել է դեկտեմբեր ամսին նոյեմբեր ամսվա համեմատ համապատասխանաբար՝ շուրջ 5%-ով՝ 92 օկտանային թվով բենզինի մասով, շուրջ 8%-ով՝ 95% օկտանային թվով բենզինի մասով և շուրջ 12%-ով՝ դիզելային վառելիքի մասով, իսկ 2021 թվականի հունվարից ներկրվող վառելիքի ձեռքբերման արժեքը 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ բարձրացել է համապատասխանաբար՝ 10%-ով՝ 92 և 95 օկտանային թվով բենզինի մասով և 6%-ով՝ դիզելային վառելիքի մասով։
Միաժամանակ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14 -ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի բարձրացման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ դրամի արժեզրկումը: Համաձայն Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող փոխարժեքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարը կազմել է 488,6 դրամ, նոյեմբերի 2-ի դրությամբ՝ 493,8 դրամ, դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 506,9 դրամ, իսկ 2021 թվականի հունվարի 14-դրությամբ՝ 525,5 դրամ։
Ստացվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի բարձրացման հիմնական պատճառ են հանդիսացել ՀՀ դրամի արժեզրկումը և վառելիքի տարբեր տեսակների ձեռքբերման գների բարձրացումները 5%-ից մինչև 12%-ով, իսկ արդեն հաջորդող ժամանակահատվածում` տեղի ունեցած իրացման գնի բարձրացումները, մասնավորապես 2021 թվականի փետրվարի 19-ի դրությամբ 390 դրամ (92 տեսակի բենզինի մասով), պայմանավորված են ձեռքբերման գնի լրացուցիչ բարձրացմամբ (շուրջ 10%), ինչպես նաև առավել մատչելի խմբաքանակների ավարտով և նոր՝ առավել թանկ արժեքով ձեռքբերված, խմբաքանակների իրացմամբ:
Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկրվող բենզինի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման հետ կապված ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ բենզինի ձեռքբերման արժեքը ինքնարժեքում կազմում է շուրջ 86%-ից մինչև 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1%-ից մինչև 2%, տուրքերը՝ շուրջ 10% և այլ ծախսերը՝ 1%-ից մինչև 2%:
Ձեռքբերման գների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2021 թվականին ձեռքբերված խբաքանակները դեռևս չեն իրացվում և առկա մնացորդների ավարտից հետո առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացումը կարող է հանգեցնել իրացման գների լրացուցիչ բարձրացման։
Սակայն իրացման գների փոփոխության համաչափության առավել ճշգրիտ գնահատման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել նաև տնտեսվարող սուբյեկտի կողմից վարվող պահեստավորման մեթոդաբանությունը, քանի որ երբեմն տնտեսվարող սուբյեկտը կարող է ներմուծել խոշոր խմբաքանակ թանկ գնով և չնայած միջազգային գների նվազեցմանը, շարունակել իրացնել թանկ գնով ներմուծված խմբաքանակը և հակառակը։ Ուստի իրացման գնի փոփոխությունների առավել հստակ գնահատման համար անհրաժեշտ է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն՝ ըստ համապատասխան իրացնող տնտեսվարող սուբյեկտի՝ հաշվի առնելով վերջինիս մնացորդները և պահեստավորման մեթոդաբանությունը։
Սույն ուսումնասիրության շրջանակներում դիտարկված գործընթացների և ձեռքբերված փաստերի վերլուծության և համադրության արդյունքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, իսկ արձանագրված գնային փոփոխությունները դիտարկված ժամանակահատվածում պայմանավորված են եղել սույն ուսումնասիրությամբ ներկայացված ներքին և արտաքին օբյեկետիվ մի շարք շուկայական գործընթացներով։
ՀՀ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բենզինի և դիզելային վառելիքի շուկայում տեղի ունեցող զարգացումները և առաջիկայում հանդես կգա հրապարակմամբ տնտեսվարող սուբյեկտների կազմի հնարավոր փոփոխությունների, դրանց մասնաբաժինների և շուկաների կառուցվածքային այլ հարցերի վերաբերյալ», – նշված է հաղորդագրության մեջ: