168.am-ը գրում է․ «Մինչ Կենտրոնական բանկը դիտորդի դերում հետևում էր արժութային շուկայում տեղի ունեցող զարգացումներին և դրամի արժեզրկմանը, ավանդատուները շտապում էին բանկերից հանել իրենց խնայողությունները։ Հայտնի բան է, որ բանկային խնայողություններն ուղղակի կախվածության մեջ են երկրի ֆինանսական և արժութային կայունությունից:
Երբ ֆինանսական կայունությունը խաթարվում է, դա անմիջապես ազդում է բանկային ավանդների վրա։ Մարդիկ հանում են իրենց գումարները՝ փորձելով ապահովագրել հնարավոր կորուստներից։
Փաստ է, որ բանկերի վրա ճնշումը վերջին շրջանում էապես ավելացել է։ Դա արտահայտվում է՝ ինչպես վարկային, այնպես էլ՝ ավանդային ռիսկի մեծացման տեսքով։
Տնտեսական իրավիճակից բխող սոցիալական լարվածությունն ու մարդկանց եկամուտների կրճատումը սպառնում է վարկերի վերադարձելիությանը։ Սպասվում է, որ առաջիկայում չաշխատող վարկերը կարող են հասնել ընդհուպ 10 տոկոսի, ինչը վատագույն ցուցանիշ է բանկային համակարգի համար։
Սակայն բանկային համակարգի խնդիրները միայն վարկերով չեն սահմանափակվում։ Ռազմաքաղաքական իրավիճակի սրացումը մեծացրել է լարվածությունն ու մտահոգություններն ավանդատուների մոտ։ Վերջին շրջանում դրան ավելացել են նաև անորոշություններն ու անկայունությունը, ինչը հանգեցրել է ազգային արժույթի զգալի թուլացման։
Դիտարկումները ցույց են տալիս, որ ավանդային շուկայում տեղաշարժերը սկսել են արտահայտվել ռազմաքաղաքական իրավիճակի սրման դեռևս սկզբնական շրջանում։ Ղարաբաղյան պատերազմի օրերին ավանդատուների մի մասը շտապել է բանկերից հետ վերցնել իր խնայողությունները։ Դրա հետևանքով արձանագրվել է բանկային խնայողությունների բավական լուրջ նվազում։
Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերին բանկային ավանդները կրճատվել են ավելի քան 72 մլրդ դրամով։ Դրա գերակշիռ մասը ֆիզիկական անձանց կամ բնակչության ավանդներն են։
Հոկտեմբերին բնակչությունը բանկերից դուրս է բերել շուրջ 70 մլրդ դրամի խնայողություն։ Խոսքը գրեթե 143 մլն դոլարի մասին է։ Այդ ամսվա ընթացքում բնակչության բանկային խնայողությունները կրճատվել են 4,1 տոկոսով։
Սա բավական լուրջ կորուստ է բանկային համակարգի համար։ Նման կտրուկ փոփոխություններ բանկային ավանդների կառուցվածքում շատ հազվադեպ են դիտարկվում։
Բնակչության բանկային ավանդների կրճատումը, սակայն, միայն հոկտեմբերին չէ, որ տեղի է ունեցել։ Նվազում է արձանագրվել նաև սեպտեմբերին։ Թեև սեպտեմբերին ավանդների դուրսբերումը բանկերից համեմատաբար քիչ է եղել։ Այդ ամսին բնակչության բանկային խնայողությունները կրճատվել են գրեթե 7,5 մլրդ դրամով։ Երկու ամսում բանկերը կորցրել են ընդհանուր առմամբ 77,3 մլրդ դրամ, ինչը համարժեք է 157-158 մլն դոլարի։
Ավանդների արտահոսք բանկերից սովորաբար տեղի է ունենում այն ժամանակ, երբ ճնշումն ազգային արժույթի արժեզրկման վրա մեծանում է։ Այս անգամ, սակայն, դրան ավելացել են նաև այլ գործոններ։ Բանկային խնայողությունների դուրսբերման վրա առավել մեծ է եղել պատերազմական իրավիճակի ազդեցությունը։ Պատահական չէ, որ ավելի շատ կրճատվել են տարադրամային, քան դրամային խնայողությունները։
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բնակչության դրամային ավանդները նվազել են 25 միլիարդով, տարադրամայինը՝ 52,3 մլրդ դրամով։
Այսինքն՝ տարադրամային ավանդների փախուստն ավելի քան 2 անգամ գերազանցել է դրամայինին։ Մի բան, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում ավանդների արտահոսքն այնքան էլ կապված չի եղել ազգային արժույթի արժեզրկման հետ, այնպես, ինչպես եղավ տարվա սկզբին։
Մարտին, ինչպես հայտնի է, արժութային շուկայում մի պահ արձանագրված դրամի արժեզրկումը հանգեցրեց բանկերից խնայողությունների դուրսբերմանը։ Այն ժամանակ դա արտահայտվեց գերազանցապես դրամային ավանդների արտահոսքի ձևով։ Դրամի թուլացման պատճառով մարդիկ շտապեցին հետ վերցնել իրենց խնայողությունները և, հնարավոր կորուստներից խուսափելու համար, փոխանակել ավելի կայուն արժույթներով։
Մարտին բնակչության դրամային խնայողությունները կրճատվեցին 33 մլրդ դրամով։ Հոկտեմբերին ավանդների արտահոսքն ավելի քան կրկնակի մեծ է եղել։
Վերջին 2 ամսվա դրսևորումներից հետո բնակչության բանկային խնայողությունների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բավականաչափ նստել է։ Հոկտեմբերին՝ նախորդ հոկտեմբերի համեմատ, այն կազմել է ընդամենը 4,2 տոկոս։ Նախկինում սովորաբար աճը երկնիշ էր և հասնում էր ընդհուպ 14-15 տոկոսի։
Այս տարվա 10 ամիսների տվյալներով՝ բնակչության բանկային ավանդների աճն ընդհանրապես դադարել է։ Արձանագրվել է ավանդների անկում։
10 ամսում բնակչության բանկային խնայողությունները նվազել են 35 մլրդ դրամով։
Թե ինչպիսի՞ն են եղել զարգացումները հետպատերազմյան շրջանում, դեռևս հայտնի չէ։ Նոյեմբերի և դեկտեմբերի տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։ Մինչ այդ, կարելի է ենթադրել, որ ավանդների դուրսբերման գործընթացը շարունակվել է նաև այդ ամիսներին։
Չնայած ռազմական գործողությունները նոյեմբերի երկրորդ տասնօրյակից դադարեցվեցին, այնուհանդերձ լարվածությունը, անկայունությունն ու անորոշությունները շարունակեցին պահպանվել։ Դրանք ուղեկցվեցին նաև ազգային արժույթի թուլացմամբ։
Արժութային շուկայում հետպատերազմյան շրջանում ի հայտ եկած ռիսկերից իրենց խնայողություններն ապահովագրելու և կորուստները նվազեցնելու նպատակով, ենթադրվում է, որ ավանդատուների մի մասը շարունակել է բանկերից հետ վերցնել գումարները և փոխարկել տարադրամային միջոցներով։ Թեև արժութային շուկայի անկայունության պայմաններում դա ամենևին էլ լավագույն տարբերակը չէ՝ կորուստներից խուսափելու համար։
Պատահական չէ, որ նման վարքագիծը երբեմն հակառակ էֆեկտն է ունենում։ Սա հայտնի իրողություն է, չնայած ոչ միշտ են մարդիկ հետևում դրան։
Արժութային շուկայում անկայունությունն այժմ էլ պահպանվում է։ Այսօր էլ դրամը մնում է արժեզրկված՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն իրենց խնայողությունները վերածել տարադրամի՝ մեծացնելով ճնշումն ազգային արժույթի թուլացման վրա։
Որքան էլ առկա բարձր ռիսկերի պարագայում ավանադատուների մտահոգությունները կարելի է հասկանալ, այնուհանդերձ ավանդների դուրսբերումը բանկային համակարգից ամենևին էլ ցանկալի երևույթ չէ։ Առավել ևս, որ խնայողությունները Հայաստանում ապահովագրված են. դրամային խնայողությունների դեպքում երաշխավորված է մինչև 16 միլիոնը, իսկ տարադրամայինի դեպքում՝ մինչև 7 մլն դրամը»: