Հուլիսի 12-ից Հնդկաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցնում ցորենի, ալյուրի և ձավարեղենի, այդ թվում՝ ձավարի արտահանման վրա։ Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ հղում անելով երկրի Առևտրի և արդյունաբերության նախարարության արտաքին առևտրի գլխավոր վարչությանը։
Նշվում է, որ համաշխարհային մատակարարման խափանումները գների տատանումներ են առաջացրել, հանգեցրել շուկայում նոր խաղացողների ի հայտ գալուն և որակի հետ կապված հնարավոր խնդիրների, ուստի Հնդկաստանի իշխանությունները կարևոր են համարում ցորենի ալյուրի որակի պահպանումը:
Մինչև հուլիսի 12-ը թույլատրվելու է երկրից արտահանել ապրանքների այն խմբաքանակները, որոնց բեռնումը նավերով արդեն սկսվել է, կամ տեղափոխվել են մաքսակետ և գրանցված են համակարգում։
Ավելի վաղ՝ մայիսի 14-ին, Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը արգելք էր դրել երկրից ցորենի արտահանման վրա՝ համաշխարհային գների աճի պայմաններում ներքին շուկայի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար։ Գործակալությունը պարզաբանել է, որ այժմ նման արտահանումը թույլատրվելու է միայն արգելքի ժամկետից շուտ փաստաթղթերի հիման վրա, կամ ցանկացած երկրի կառավարության կողմից հատուկ խնդրանքի դեպքում, որը կթույլատրվի Հնդկաստանի իշխանությունների կողմից։ Այս որոշումից հետո Եվրոպայում ցորենի գինը բացարձակ ռեկորդ է սահմանել։
Azg.am