Հայաստանի տնտեսական աճն, ըստ կառավարության կանխատեսումների, 2025-ին կկազմի 5.6 տոկոս, իսկ 2026-2027թթ սպասվում է 5.5 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է, որ էական փոփոխություններ են տեղի ունեցել տնտեսության մեջ:
«Մեր և բազմաթիվ միջազգային գործընկերների գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի աճի պոտենցիալը բարձրացել է՝ միջինում 4.5-ից դառնալով 5.5 տոկոս: Մենք կանխատեսում ենք, որ 2025-ին կունենանք 5.6 տոկոս տնտեսական աճ, դեֆլյատորի աճը կլինի 3.5 տոկոս, համախառն ներքին արդյունքը նոմինալ արժեքով կլինի 11 տրլն 50 մլրդ դրամ: 2024-ի համար սպասում ենք 5.8 տոկոս տնտեսական աճ»,-ասաց Հովհաննիսյանը:
2026-2027թթ միջինում սպասվում է 5.5 տոկոս տնտեսական աճ: Նրա խոսքով՝ այս աճի պայմաններում կառավարությունը կկատարի իր ծրագրային դրույթը և 2021-2026 թթ միջինում կապահովի 7 տոկոս տնտեսական աճի թիրախը:
«Թեև մեր թիրախը չի փոխվել: Մենք թիրախավորում ենք 2025-ին ձգտելու հասնել 7 տոկոս տնտեսական աճի, որի համար հավելյալ ջանքեր են պետք՝ արագացնելու այն բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք, պատշաճ ապահովելու բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի իրականացումը և, իհարկե, ակտիվ աշխատանք անելու արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի և ներդրումների հետ կապված»,-ասաց Հովհաննիսյանը:
Բյուջեի պակասուրդը, պայմանավորված որոշ ծախսերի առաջ բերելու հանգամանքով, կլինի 5.5 տոկոս՝ այնուհետև միջնաժամկետում հատվածում հասնելով 3 տոկոսի: Կառավարության պարտքը կաճի մինչև 53.5 տոկոս, այնուհետև միջնաժամկետում կբալանասավորվի 54.6 տոկոսի մոտակայքում:
Նախարարը նշեց, որ որոշ ռիսկերի նյութականացման պայմաններում այդ աճերը կարող են ավելի լինել, որոշ այլ սցենարների դեպքում՝ պակաս: