«Բաղձալին» վերադառնում է. Պողիկտոսը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն է վերադառնում հուլիսի 14-ին։
Երկար սպասված, բաղձալի, ցանկալի․․․ Հենց այդպես է թարգմանվում «Պողիկտոս» անունը հունարենից։ Ու չնայած հերոսի ողբերգական ճակատագրի՝ հայ հանդիսատեսի համար, հիրավի, երջանիկ զուգադիպություն է «Պողիկտոսի» սպասված վերադարձը բեմահարթակ։
Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։ Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե, ներկայիս Մալաթիա քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը՝ մինչև նրա մարտիրոսական մահը՝ քրիստոնեություն ընդունելու պատճառով: Թեմայով Հայաստանի պատմությանն առնչվող այս սյուժեն էլ ավելի է արժևորում Դոնիցետիի գլուխգործոցներից մեկը։ Սիրո և հավատքի բախումը հեթանոս աստվածների անհանդուրժողությանը, նոր կրոնի հետապնդումն ու պատժը իշխանությունների կողմից և առաջին հայ քրիստոնյաների փառաբանությունը՝ «Փա՛ռք քեզ, տեր Աստված, փա՛ռք բարեպաշտ հայ ժողովրդին, փա՛ռք քեզ, երկիր Հայաստան»:
Նշենք, որ դեռևս 1993-ին է ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Լևոնյանը Երևանի օպերային թատրոնում բեմադրել «Պողիկտոսը»։