Երևանում հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ արարողակարգային այս կարևոր դետալը փոխվում է։
«Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին կփոխարինի արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։
Փառատոնի այս փոփոխությանն ընդառաջ ARARAT թանգարանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և AHA Collective հետ համատեղ կազմակերպել է Դավիթ Քոչունցի գորգագործական այլ աշխատանքների ցուցադրություն, որը համադրել է Նայիրի Խաչատուրեանը։
«Համարձակ Խնձորեսկ» վերտառությամբ այս ցուցադրությունը պատմում է հայկական ձեռագործ աշխատանքի՝ վարպետության ամենահին եզրերից մեկի՝ գորգագործության ավանդույթների մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական և բնության համատեքստում։ Ցուցադրության առանձնհատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են հայկական վանքորի և ժայռերերի անսպասելի ու տպավորիչ վայրերում։ Ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 1-ը։ Մուտքն ազատ է։
«Կարմիր գորգի չեղարկումը ունի մի քանի պատճառներ, օրինակ՝ տարիների ընթացքում արմատացած կարմիր գորգի հետ ասոցացվող էլիտիստականությունը, որը հակասում է փառատոնի հակաէլիտիստական բովանդակությանը, մյուսը՝ հաշվի առնելով հայկական գորգագործական հարուստ ավանդույթները և ժամանակակից տաղանդաշատ դիզայներների ու նկարիչների ներուժը, շատ ավելի իմաստավորված ու հմայիչ կլինի, եթե փառատոնային պաստառի նման, յուրաքանչյուր տարի լինի հատուկ գորգ՝ ստեղծված ժամանակակից տեսողական լուծումներով և գործված՝ ավանդական տնայնագործ կանանց կողմից»,-նշում է փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։