Մահացել է հայ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը:
Այս մասին հայտնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։
Օլգա Գաբայանն անգնահատելի ներդրում է ունեցել հայկական օպերային արվեստում: Տասնամյակներ շարունակ նրա մարմնավորած կերպարները հիացմունք են արթնացրել հանդիսատեսի սրտում, իսկ նրա օրինակով կրթվել են բազում սերունդներ:
Սիրված երգչուհու հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում եւ հայ օպերային արվեստի պատմության մեջ:
Օլգա Գաբայանը 1966 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1966 թվականից եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ 1992 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 2003 թվականից։





