Երվանդ Քոչարի թանգարանը ստեղծել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատումը» անիմացիոն տեսաֆիլմ։
Այն 15 րոպե տևողությամբ է. Քոչարի նորարարական ոգուն համահունչ՝ արվեստագետի ստեղծած գեղարվեստական կերպարները ներկայացվում են ժամանակակից եղանակով՝ էպոսի յուրօրինակ եռաչափ միջավայրում:
Հատուկ մշակված սցենարի համապատասխան ստեղծված անիմացիայի շնորհիվ այցելուն/օգտատերը ներթափանցում է Քոչարի ստեղծած «Սասունցի Դավթի» 7 նկարազարդումների մեջ: Գրաֆիկական, տեսողական բազմազան էֆեկտների և ֆիլտրերի կիրառմամբ, ստեղծագործությունների բաղկացուցիչ տարրերի երկչափ, եռաչափ վերափոխումներով անիմացվում է ներկայացված սյուժեն, կենդանանանում են էպոսի հերոսները, հայերեն, անգլերեն լեզուներով հնչում են էպոսի այն տողերը, որոնք ոգեշնչել են Քոչարին՝ ստեղծելու հատկապես այդ գրաֆիկական էջը:
Դիտողին է ներկայացվում հեղինակի երևակայությամբ ստեղծված էպոսյան առասպելական աշխարհը, գաղափարա-իլիսոփայական իմաստներ կրող տարբեր խորհրդանիշեր:
«Հայ դյուցազնավեպի քոչարյան պատումը» անիմացիոն տեսաֆիլմը արվեստի և ժամանակակից տեխնոլոգիաների ուշագրավ սինթեզի փորձ է post-internet art ձևաչափով՝ ուղղված ներազդելու դիտողի զգայական համակարգի վրա, ընդլայնելու և՛ մեծահասակների, և՛ երեխաների ինտելեկտուալ մտահորիզոնը, ինչի արդյունքում նորովի են ներկայանում Մաեստրո Քոչարի բնօրինակ ստեղծագործությունները և նրանցում ներառված գաղափարային իմաստները:
Թանգարանում ցուցանմուշների հետ աշխատանքի այս ոչ ավանդական, էքսպերիմենտալ մոտեցմամբ տեխնոլոգիայի կիրառումը կներգրավի նոր այցելուների՝ թանգարանը գրավիչ դարձնելով հանրության ավելի լայն շրջանակի համար:
Ֆիլմը հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար: