Ավիամեխանիկ-ինժեների մասնագիտության համատեղումը կերպարվեստում դժվար չէ կռահել, թե ինչպիսի հանգուցալուծումների է բերում. չափագրումն ու ճշգրտումը միախառնվում են մինիմալիստական ոճի աշխատանքներում, ինժեները մի ձեռքով դառնում է նկարիչ, մյուսով` աշխատանքում ընդգծում առաջին մասնագիտացված դետալները։ Գևորգ-Ջորջ Քասսաբյանը այս ոլորտի ներկայացուցիչն է, որի համար ազգային արժեքները առանձնահատուկ տեղ ունեն ոչ միայն իր սրտում, այլև աշխատանքներում։
Գևորգը սիրում է աշխատել մինիմալիստական ոճով, քանի որ այն, ինչպես ինքն է նշում, ճարտարագիտությանն ավելի մոտ է։ «Ես չեմ հավատում փիլիսոփայությանը, փոխարենը հավատում եմ տիեզերքից տրվող աշխատանքի ուժին, որի շնորհիվ ինձ մոտ նոր գաղափարներ են ծվում»,-ասում է նա։ Քասսաբյանի մասին ժպիտով են պատմում նրա ընկերներն ու գործընկերները, որոնց համար Ջորջի սերը դեպի նկարչություն չափման ոչ մի միավոր չի ճանաչում։
Քանդակագործ, նկարիչ ու ավիամեխանիկ-ինժեների հմտություններն ամփոփվել են շատ ու շատ անհատական և խմբային ցուցադրություններում, որոնցից բացառություն չէր նաև նրա 50-ամյա ստեղծագործական կենսագրությանը նվիրված ցուցահանդեսը Հայաստանի Նկարիչների միությունում։ Միության նախագահ Սուրեն Սաֆարյանն իր խոսքում նշեց, որ Գևորգ Քասսաբյանն եզակի անձնավորություն է, քանի որ մեծ տարիքում անգամ չի դադարում ստեղծագործել, ինչի արդյունքում էլ նրա 50-ամյա գործունեության եղելությունն ենք արձանագրում։
«Արտացոլող քանդակներ և հյուսված ներդաշնակություն» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված էին Քասսաբյանի աշխատանքները, որոնցում գերակշռում էր հայակական գորգերի պատկերազարդումը` «մինիմալիզմի մեջ մաքսիմալիզմ» ներկայացնելով։ «Գորգի այս սիմվոլները օգտագործել եմ, որպեսզի կարողանամ գորգը ներառել ժամանակակից արվեստում, քանի որ այսօր մշակույթում փոքր-ինչ պակասում է հայրենասիրությունը։ Ազգը թող իրեն ու հողը սիրել սովորի, որ մշակութային արժեքները չկորցնի», ասաց նա:
Մեր օրերում կարևոր է լայնամասշտաբ նմանօրինակ ցուցահանդեսների ցուցադրությունը, քանի որ ազգագրագետներն ահազանգում են ` թուրքական արտադրության հայկական տարազանման կտորների վրա թուրքական մշակութային մոտիվները գնալով գերակշռում են, ինչը հանգեցնում է ազգայինի մոռացությանն ու վերացմանը։
ՀԵՂԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀՊՄՀ Լրագրության բաժին