Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին այցելել են Alikhanyan’s Project-ի երաժիշտները: Երեխաներից շատերը նրանց ճանաչում էին եւ հասցրել էին կարոտել, քանի որ մոտ հինգ տարի առաջ մեկնարկած հանդիպումների շարքը դադարել էր՝ համավարակով պայմանավորված:
«Մենք տարիներ առաջ ենք նախաձեռնել երաժշտախմբով այց մանկատներ եւ ծերանոցներ: Երկու տարվա դադարի ընթացքում մեզ ճանաչող երեխաներն արդեն կարոտել էին մեզ, մոտեցան, պատմեցին, թե այս ընթացքում ինչ են արել: Նոր երեխաների հետ ծանոթացանք, նրանց եւս դուր եկավ մեր երաժշտությունը: Նոր ենք բարձրաձայնում, բայց շատ անգամներ ենք նրանց համար երաժշտությամբ լի օրեր նախաձեռնել, իսկ հիմա կուզեմ, որ մեր օրինակին հետևեն նաև մյուս արվեստագետները:
Հաճախ նյութական օգնությունից առավել կարևոր են մշակութային հանդիպումները: Տարբեր անհատ կատարողներ տարիների ընթացքում այցելեն են մանկատան երեխաներին, բայց ամբողջական խմբով այց առաջին անգամ մենք նախաձեռնեցինք։ Ես շնորհակալ և ուրախ եմ, որ իմ ըկներները միշտ պատրաստակամ են ու սիրով ենք գալիս այստեղ համերգի»,- պատմեց Alikhanyan’s production-ի հիմնադիր, երաժիշտ Արթուր Ալիխանյանը:
Հանդիպմանը հնչեցին հին եւ նոր սիրված կատարումներ: Ալիխանյանի խոսքով՝ շատ կարեւոր են երեխաների դրական հույզերն ու բարի, ջերմ հուշերը, իսկ իրենց այցերը մանկատներ և ծերանոցներ կրելու են շարունակական բնույթ: