Նոյեմբերի 14–17-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել է երաժշտական և գեղարվեստական ստեղծագործության «Մանկության տոն» միջազգային մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Տրիումֆ» ստեղծագործական միությունը՝ համագործակցությամբ Ելենա Օբրացովայի միջազգային երաժշտական ակադեմիայի և Սանկտ Պետերբուրգի հետդիպլոմային կրթության ակադեմիայի։
Մրցույթին մասնակցում էին երեխաներ Բելարուսիսից, Հայաստանից, ինչպես նաև Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներից՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Նիժնի և Վելիկի Նովգորոդից, Ուֆայից, Սամարայից, Տյումենից, Ռյազանից, Վլադիմիրից, Օրյոլից, Տուլայից, Կիրովսկից:
Մասնակիցների շարքում էին նաև Ստեփանակերտի Կոմիտասի անվան մշակույթի կենտրոնի սաները (նախկին Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, որը դադարեց գործել արցախահայության տեղահանության պատճառով և այժմ գործում է Երևանում)։ Այս կարևոր աշխատանքային ուղևորությունն իրականություն դարձավ բազմաթիվ բարերարների աջակցության շնորհիվ, ովքեր հոգացին ավիատոմսերի, մասնակցության վճարի և կեցության ծախսերը։
Արդյունքները գերազանցեցին սպասելիքները. — 5 սաներ դարձան I կարգի դափնեկիրներ՝ Վլադիմիր Գալստյան, Վլադիմիր Մանասյան, Միխայիլ Ամբարձումով, Վիլեն Զախարյան, Արման Սաֆարյան։
Սրբուհի Սարգսյանն արժանացավ III կարգի դափնեկրի կոչման։ Արմինե Գասպարյանը ստացավ հատուկ մրցանակ՝ «Ազգապահպան մշակութային ավանդույթների պահպանման» համար ։
Արդյունքների հայտարարման նախօրեին սաները համերգով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի հայ համայնքում՝ Կարեն Մկրտչյանի նախաձեռնությամբ և Տեր Եփրեմի օրհնությամբ։ «Արցախ» երգի կատարումը դարձավ համերգի բարձրակետը։ Երեխաների ձեռքերում Արցախի դրոշն էր, դահլիճը ոտքի կանգնեց, շատերի աչքերում արցունքներ կային… Իսկ վերջին ակորդից հետո հնչած փոթորկալից ծափահարությունները երկար չէին դադարում։ Այս հաղթանակը ևս մեկ անգամ հաստատեց՝ Արցախը ապրում է։




