Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ մայրաքաղաքի կենտրոնում մնալու, այլ բուհի հետ չմիավորվելու և Ակադեմիական քաղաք չտեղափոխվելու դիրքորորոշումը զուտ քմահաճույք չէ. դա անհանգստություն է, որ մենք լուրջ մոտեցում չունենք պրոֆեսիոնալ կրթության միջավայրի հանդեպ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ անդրադառնալով Կոնսերվատորիայի դասախոսների, ուսումնաօժանդակ և վարչական կազմերի անդամների, ուսանողների և շրջանավարտների համատեղ դիմում-պահանջին՝ ուղղված ԿԳՄՍՆ-ին։
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչները նախարարությանը դիմում-պահանջ էին ներկայացրել՝ ՀՀ միակ երաժշտական բուհը չներառել «Ակադեմիական քաղաք» նախագծում, պահպանել բուհի կարգավիճակը և ինքնավարությունը՝ իր ներկայիս պատմական շենքում։
Այս նպատակով նախաձեռնված ստորագրահավաքին միացել են ՀՀ քաղաքացիներ և սփյուռքահայեր, այդ թվում նաև՝ առցանց ձևաչափով։ Ստորագրահավաքը սկսվել է ս/թ մարտի 13-ին և ավարտվել մարտի 25-ին։ Առկա է 6290 վավեր ստորագրություն։
Ռոբերտ Ամիրխանյանի խոսքով՝ այսօր չեն դիտարկվում Կոնսերվատորիայի պատմական արժեքը, բուհի լուծած խնդիրները։
«Մենք փլուզում ենք այն, ինչին մեր մեծերը հավատացել և մեր երկրում կառուցել են։ Եթե հանկարծ մեր միջև անհամաձայնություն սկսվի, հուսով ենք, որ պատկան մարմինները կհասկանան՝ ինչի մասին է խոսքը։
Ես գիտեմ, որ մերոնք ակադեմիական քաղաք կառուցելու վերաբերյալ հաշվետվություն են ներկայացրել մինչև անգամ Իսպանիայում, բայց ոչ մեկ մեզ հետ չի խոսել, թե սա արդյոք մեզ կխանգարի, մեր գործունեությունը կխաթարի։
Այսօր մենք մեծ, ռեալ վտանգի առջև ենք կանգնած. կորցնելու ենք մեր մասնագետներին, տաղանդավոր ուսանողներին, Ակադեմիական քաղաքում ավանդույթները չենք կարողանալու պահպանել, և վտանգ կա, որ մեր տաղանդավոր ուսանողներն ուղղակի փախչելու են այստեղից, գնալու են՝ ուրիշ տեղերում սովորելու»,- ասաց Ռոբերտ Ամիրխանյանը։
Կոմպոզիտորը հարց հնչեցրեց՝ կարո՞ղ են, օրինակ, մեկ ռեստորանը մեկ այլ ռեստորանի միացնել. ոչ, որովհետև յուրաքանչյուրն իր անհատականությունն ու յուրահատկությունն ունի, և ոչ մասնագետները չեն կարող հասկանալ և պատկերացնել այդ բոլոր առանձնահատկություններն ու չափանիշները։
«Դրա համար ես հուսով եմ, որ մեր ղեկավարները հարգանքով կվերաբերվեն մեր դիրքորոշմանը, կփորձեն հասկանալ, որ մեր խնդիրը զուտ մայրաքաղաքի կենտրոնում մնալը չէ. մեր խնդիրը Երևանի կենտրոնից մշակույթը որևէ արվարձան չտանելն է։
Այո՛, այսօր Հայաստանը դուրս չի գա այս հարցի տակից, և մենք կկորցնենք Կոնսերվատորիան։ Մեզ համար ամոթ կլինի, որ չկարողացանք պահպանել և կորցրեցինք պրոֆեսիոնալ կրթության օջախը, որի մասին երազել է Կոմիտասը։
Տեսեք, Կոնսերվատորիայի շենքը գտնվում էր Մատենադարանի տարածքում, հետո պետությունը հոգաց, որ լինենք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ Ֆիլհարմոնիայի դահլիճի կողքին, քաղաքի կենտրոնում, որտեղ մարդիկ ավելի հեշտ կհասնեն։ Դե հիմա պատկերացրեք, որ Կոնսերվատորիայի ուսանողը գնա, հասնի Աշտարակ, որտեղ մշակութային մթնոլորտը, ասպարեզը չկա։
Այս ամենից զատ՝ մեզ մոտ մասնագետներին կորցնելու խնդիր կա, որովհետև նրանք մեծամասամբ տարեց մարդիկ են։ Դե արի, կազմակերպի նրանց «Ակադեմիական քաղաք» կոչեցյալ գնալը։ Չէ՞ որ այդ շենքը տեղափոխելու հետ հսկայական այլ հարցեր են առաջանում։ Առանց այն էլ մեզ մոտ պրոֆեսիոնալ երաժշտությունն այսօր մերժված վիճակի մեջ է, այսօր մեր երաժշտներն անպաշտպան վիճակի մեջ են, կարծես թե ներքին պայքարի մեջ ենք. ինչ-որ մարդիկ ուզում են ավանդույթներ պահպանել, ինչ-որ մարդիկ՝ նոր սիստեմներ մտցնել։
Այո՛, ես գտնում եմ, որ նոր սիստեմները կարող են մտնել, բայց ոչ այսօր»,- ամփոփեց Ռոբերտ Ամիրխանյանը։