Շուտով կլինեմ 73 տարեկան։
Կյանքիս բոլոր տարիները եղել են և երջանիկ և լարված. բազում լավ ու վատ օրեր:
Բայց այն, ինչ եղավ հոկտեմբերի վերջին 20 օրերին, ինձ զարմացրեց և անչափ ուրախացրեց:
Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, 38 տարի աշխատել եմ սկզբում ՀՍՍՀ Ճանապարհների նախագծման և շահագործման նախարարության հաշվողական կենտրոնում: Տարիների ընթացքում հասել եմ ծրագրավորման բաժնի բյուրոյի վարիչի պաշտոնին, այնուհետ աշխատել եմ նույն հիմնարկում, բայց տարբեր անուններով:
Վերջին տարիներին ինձ համար անսպասելի՝ նկարում եմ:
Կտավները, գույները, վրձինները դարձել են իմ գեղեցիկ կյանքի յուրահատուկ երանգները: Արդեն ունեմ 60-ի չափ գործեր, որոնք դուր են գալիս իմ հայ նկարիչ ընկերներին, իսկ Մոսկվայի իմ նկարչուհի ընկերուհին առանձնահատուկ վերաբերմունք ունի դրանց նկատմամբ։
ԵՎ ահա 20 օր առաջ նրանից առաջարկ ստացա մասնակցել Մոսկվայում կայանալիք միջազգային ցուցահանդեսին՝ «Մենություն» խորագրով: Առաջարկն ընդունեցի: Իսկ ի՞նչ նկարել: Ու միանգամից մտքիս եկավ Ոսկեպարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Անունս ինձ է տրվել երազով՝ Մարիամ:
Ոսկեպարի Սուրբ Ասստվածածնի լուսանկարը տեսնելիս միշտ մտածել եմ՝ Մենավորս, Հեռավորս:
Ու նկարեցի այս եկեղեցին, լուսանկարն ուղարկեցի։ Այն դուր եկավ Մոսկվայի ցուցահանդեսի կազմակերպիչներին:
Երեկ տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը։ Ասացին, որ նկարս շատերին է դուր եկել։ Ահա փոքրիկ պատմություն և իմ նկարը՝ ՀԵՌԱՎՈՐՍ, ՄԵՆԱՎՈՐՍ:
Մարիամ Կարապողոսյան-Կարապետյան