Մարգարիտ Դերանցի «Գմբեթավոր հովանոցը» վեպը ցավի, կորստի, ոգեկոչման և ուժի մատյան է՝ կերտված կնոջ կողմից: Գիրքն ընթերցելիս հաճախ անհրաժեշտություն է առաջանում նորից համոզվել՝ իսկապե՞ս կին է գրողը: Այո՛, կարող է կին հեղինակը պատերազմական ամենադաժան ու տիպական մանրամասները անցկացնել իր հոգևոր պրիզմայով և ստեղծագործություն դարձնել: Այսպիսին է ճշմարիտ գրականությունը, որտեղ ամեն ինչից վեր գերակայում է գրողի ի վերուստ տրված առաքելությունը՝ անկախ սեռային պատկանելությունից։
Պատերազմը չարիք է, որ խեղում է ճակատագրեր: Պատերազմը փորձություն է, որ հանում է մարդուն անհոգության թմբիրից: Պատերազմը ռուբիկոն է, որտեղ բացահայտվում է մարդու իրական կերպը: Պատերազմում կա՛մ հաղթում են, կա՛մ պարտվում ինչպես պատերազմող կողմերը, այնպես էլ մարդն իր էության դեմ:
Պատերազմը թշնամին սկսել էր Սումգայիթի, Բաքվի ջարդերով և պատրաստ էր արյան մեջ խեղդել արցախայությանը, ոտնձգություններ ունի ընդհանրապես հայոց պետականության հանդեպ։ Պատերազմը պարտադրված էր մեր ժողովրդին։ Խաղաղությունը պատերազմական գոտում ապրող հայ ժողովրդի նվիրական փափագն է: Բայց խաղաղություն բառն անքատելիորեն կապված է երկու այլ բառերի հետ, որն է Հայոց Պետականությունը, ու առանց այս երկու բառի այն անէանում է, արժեզրկվում և կորցնում է իր իմաստը։ Ինքնապաշտպանության մարտի ելած հայ տղամարդը և հայ կինը գիտակցում են, որ կշեռքի վրա դրված են հայրենիքի, իրենց ու իրենց սիրելիների գոյությունը։
Քաջատեղյակ եմ Մարգարիտ Դերանցի «Սեր և էմիգրացիա», «Քրտնաձուկ», «Սեր Լուսնեզրին» գրքերին։ Գրողի ստեղծած կերպարները ստատիկ չեն (կայուն, չփոփոխվող), այլ հոգեբանորեն շարժուն։ Մարգարիտ Դերանցի գրչին հատուկ է հոգեբանական դինամիկ ոճը: Ստեղծագործության ընթացքում հերոսները կերպարանափոխվում են, փոխվում են նրանց ներաշխարհը, զգացմունքները, արժեհամակարգը, նպատակները, գործողությունները։ Գրողի գրչի հոգեբանական այս հենքը առաձնահատուկ դրսևորվում է այս վեպում։ Գաղտնիք չէ, որ պատերազմի դաշտում կամ պատերազմական իրավիճակում ապրած մարդու երկուամսյա կյանքը հավասարազոր է խաղաղ ժամանակներում ապրված տասնյակ տարիներին։ «Գմբեթավոր հովանոցը» վեպում Մարգարիտ Դերանցը պատկերում է հերոսների ներքին մարդու փոփոխության, այլակերպության բազմաթիվ դեպքեր, որոնք այնքան համոզիչ են, որ ընթերցողը եզրահանգում է, որ հենց այդպես էլ պետք է լիներ, քանի որ այդպիսին էր նախախնամության, ճակատագրի կամ տիեզերքի կամքը։ Վեպում խորը հոգեբանական նմանօրինակ մետամորֆոզները բազմաթիվ են:
Խաղաղ ժամանակների կյանքի մարտահրավերներում պարտված, լատունե ատամնաշարով, անօգնական Կարոն պատերազմի դաշտում փոխակերպվում է հերոսի, դառնում ոգեշնչման աղբյուր երիտասարդ ազատամարտիկ Մենուա Մանվելյանի համար, այնինչ ճակատամարտից առաջ երիտասարդը շարունակաբար հումորով ու քամահրանքով էր վարվում նրա հետ։ Ճակատամարտից հետո գլխիվայր շրջվում է Մենուայի ամբողջ փիլիսոփայությունը կյանքի հանդեպ, նրա վերաբերմունքը հավատքի, արժանապատվության, խիզախության մասին։
«Գմբեթավոր Հովանոցը» վեպը Հայաստան-Արցախի մասին է, հայի մասին, մարդու մասին, պատերազմի ու պատերազմի աղետալի հետևանքների մասին՝ ներշնչված հայ ոգով, տագնապած հայկական պետականությամբ, ոգեշնչված հայեցի հերոսականությամբ, հիացած հայկական հավատարմությամբ, զայրացած հայավարի անփութությամբ:
Տարաժամանակյա ու տարակերպ հերոսների պատմությունները պտտվում են հայկական պետականության, հայ աշխարհի պահպանման ու վտանգի ահազանգման շուրջ, բոլոր պատմությունների ու ընդգծումների վերևում սավառնում է հեղինակի կերպարը՝ վերլուծությունների, մեկնաբանությունների, փաստերի, խորհրդածությունների, խրատների միջոցով, և մենք հասկանում ենք, թե ինչո՞ւ հայերը հաղթեցին արցախյան առաջին աշխարհամարտում և ինչո՞ւ պարտվեցին վերջին պատերազմում։
Սա Մարգարիտ Դերանցի ամենակերպարային, էպիկական ստեղծագործությունն է։ Վեպի գլխավոր, երկրորդային և հպանցիկ հերոսների թիվը հասնում է վաթսունի։ Բայց նրանք բոլորն էլ հոգեբանորեն ավարտուն են և հիշվող։ Հեղինակը հրաշալի տղամարդկային կերպարներ է ստեղծել՝ Թերեզիկի հայրը, ամուսինը, որդին` Գևորը, Գարեգինը, Պոետը` Վարդանը, Արտեմը, Ասատուր դային, Ահարոնը, բժիշկ Անդրանիկը, Արմեն Աշոտիչը, Դավիթը, Նարեկը, Գեղամը, Մայքլը, Մակարը, Աֆոն, Վաղոն և այլք։
Մարդիկ նզովում են պատերազմները, քանի որ այն ոչնչացնում է կյանքեր, խեղաթյուրում ճակատագրեր։ «Պատերազմի հետևանքով կյանքի գործածը կարող է ավելի դաժան լինել, քան ինքը մահը»,- նշում է արձակագիրը։
Ի՞նչն է փրկում Մարգարիտ Դերանցի կերտած հզոր, բայց կյանքի աղետներով, արհավիրքով ճզմված, բզկտված հերոսներից շատերին։ Նրանց փրկում է բարությունը, կարեկցանքը, ապրումակցումը մերձավորների և ընդհանրապես մարդու հանդեպ։ Արձակագիր Մարգարիտ Դերանցի գրականության մեջ միշտ էլ հոգևորը, վեհաձնությունը գերակայում են երեսպաշտ, նյութապաշտ իրականությանը։
Խոր դրամատիկ կերպար է Անդրանիկի կերպարը: «Չպետք է ապրել միայն զգացմունքներով ու իդեալներով, դիմել անձնազոհության՝ առանց ծանր ու թեթև անելու, մեզ պատուհասած վտանգներն ավելի խորքային բնույթ են կրում…-, խորհում է վիրաբույժը,-…Ի՞նչ հաղթանակ, երբ քեզ հաղթում են չկռվելով, առանց զգալու ոգիդ, ընդվզումդ ու սարսափդ: Անտես դեմքը էկրանին կռիվ-կռիվ է խաղում ու միավորորների փոխարեն վաստակում գլխատված կյանքեր…»: Նրա մտքում մի բան էր՝ պարտվի Մահը, հաղթանակի Կյանքը: «Չփրկվածների պատճառով կռիվ ուներ Բարձրյալի հետ: Կռիվ տալն անօգուտ էր, Վերից պատժվում էր անքնությամբ, ջղայնությամբ, ընկճախտով՝ խեղդվող լողորդի պես կառչելով փրկարար օղակին, մտքում շարունակ հիշելով ու կրկնելով պատերազմական դժոխքներով անցած վիրաբույժի Հայր մեր-ը»: Հայրենանվեր մի երիտասարդ, ընտանեկան երջանիկ վայելքը թողած, գալիս է հայրենիք, քանի որ իր մասնագիտական վարպետությունը համարում է պարտականություն հայրենիքի փրկության գործում: Քաջ ու հայրենասեր տղամարդուն պատերազմը խեղճացնում է, հոգին կրծում է անզոր ու անկարող լինելու որդը: Այստեղ հեղինակն իր վարպետ գրչով ու մտահայեցմամբ բեկում է երկրային դժոխքն ու տիեզերական հավերժությունը – դա սերն էր, որ փոխում է կյանքի հունը, հաղթում պատերազմին, դառնում խթան Անդրանիկի հոգին կանգուն պահելու համար: Լուսոն՝ Անդրանիկի կինը, կխենթանար երևի ամուսնու դավաճանության լուրն իմանալուց, սակայն Լուսոն չգիտեր, որ այդ հզոր զգացումը խելագարվելու վտանգից ազատեց իր տղամարդուն:
Ասատուր դայու հանդեպ ճակատագիրը այլ կերպ է վարվում, նա հայ ժողովրդական էպոսի Քեռի Թորոսի նման մարդկային ոգին է և ուժը, որ կա միշտ, ամենուր և հավերժ: Հեղինակն այստեղ ևս գծում է ուղենիշը, որին հետևելով՝ ապրում է հերոսը. կա իր խնամակալության տակ գտնվող մեկը, մեկը որի համար պատասխանատու է ինքը. «…Սպիտակ արջը չէր հանձնվում, փորձում էր ձիգ երևալ, նույնիսկ մխիթարում էր մյուսներին: Հանուն ինչի՞, հանուն կյանքի շարունակության, հանուն թոռան, զավակի, ծոռան, որ պիտի ծնվեր, հանուն որբանոցում մեծացած, մայրանալու պատրաստվող աղջկա, որ օջախի, ընտանեկան գորովանքի կարիք ունի: Ինքն էլ չգիտեր: Գուցե հենց այդ գորովանքի տոհմատունը պահպանելու համար արժեր ապրել»:
Մարգարիտ Դերանցը կերտել է նաև անձնապաշտ, անտարբեր հերոսներ, որոնց համար պատերազմը միայն հնարավորություն է ինքնահաստատվելու, հարստանալու։ Նրանց համար չկան բարձր գաղափարներ, չկա հայրենիք ու մարդ, կա հնարավորություն իրենց դատարկամիտ ու անկարողունակ ես-ը պահպանելու ու մոլախոտի պես աճեցնելու պարարտ հող: Օրինակ` «միակ հետապնդող միտքն այն էր, թե ինչպես հուր-հավիտյան պահի գյուղապետի պաշտոնը։ …Ոմանք նրան լուրջ մարդ էին համարում: Բայց երբ չկռվողն իրեն կռվողի տեղ է դնում ու իբր վերահսկում է գյուղի պաշտպանությունը, ապա միայն կարելի է ասել, որ հիմարությունն անսահման է: Սա այն դեպքն է, երբ դատարկությունը լրջության դիմակ է հագնում, լուրջ ու լռակյաց ծածկելով՝ այսպես թե այնպես երևացող ապիկարությունը: Բոլոր ապիկարները նման են իրար, խելոքներն են տարբեր»:
Երկակի, հակասական կերպար է Արմեն Աշոտիչը, որը պատերազմի դաշտում հմուտ ռազմագետ էր՝ օժտված հրամանատարական բարձր պատասխանատվությամբ: 44-օրյա պատերազմի ժամանակ լուծում է ռազմավարական կարևոր խնդիրներ, իր կյանքի գնով փրկում է տասնյակ զինվորների կյանքեր: Խաղաղության ժամանակ անփույթ կյանքով ապրող մեկն էր: Համարում էր, որ «Այն, ինչ բարոյական է, չի կարող անօրինական լինել: …աչք էր փակում, հետևաբար չէր տեսնում մեկ կարով կարված անորակ համազգեստներով, ջուր ծծող կոշիկներով կիսաքաղցած զինվորների վրա։ Իրենք էլ էին էդպես հաղթել, սրանք էլ կհաղթեն, կարևորը ապրելու և հաղթելու ցանկությունը լինի…»:
Հետպատերազմյա ընկալմամբ, սարսափներից ձերբազվելու տեսանկյունից միմյանց հակադիր կերպարներ են Նարեկն ու Բենոն, առաջինի համար նույնիսկ անհուսության վերջնակետին կյանքը կարևորագույն պայքար էր, մյուսի դեպքում կյանքն ամենամեծ բեռն էր անհուսության վերջնակետին:
Գրականության մեջ առավել հաճախ հանդիպում ենք այն փաստին, երբ կինն է տղամարդու ոգեշնչման աղբյուրը, Մարգարիտ Դերանցի ձեռամբ հայ տղամարդն է կնոջ ոգեշնչման ու արարման աղբյուրը: Հայ կինը հետաքրքիր ունակություն ունի. առանց տղամարդու ավելի է կապվում նրան ու ապրում նրանով:
Իրադարձություններն սկսվում են խատուտիկի ու Թերեզիկի հանդիպումով: Ահա խատուտիկի խորհրդանիշը. հայ կինը չի վախենում, չի պահանջում, ձգտում է երջանկությանը, սակայն դժբախտությանն էլ չի հավատում, պարզապես ապրում է… «…Ընդամենը մեկ ակնթարթ հետո նրա ձեռքում մնացել էր խատուտիկի դեղնականաչավուն ցողունը, իսկ խատուտիկի ճերմակ տխրությունը ծածանվում էր սարերից եկող քամու բերանում: Դա Բզեզիկի առաջին հիացմունքն ու միաժամանակ առաջին հիասթափությունն էր, որովհետև մինչ այդ նրան թվում էր, թե աշխարհն առավել քան առարկայական էր, ինչպես իրենց ցանկապատի ճռռացող դռնակը, ինչպես ձոր տանող նեղ արահետը…»: Նման գրողական ոճով հեղինակը նախապատրաստում է ընթերցողին դեպի վիպական գործողությունների հետագա զարգացումները, բայց թերևս այստեղ կարևոր է նշել Մարգարիտ Դերանց գրողի գրչին հատուկ մարգարեական կանխատեսումների մասին։ Դեռևս մինչև այս գրքի լույս ընծայումը (2023թ, հուլիս), արդեն երկու տարի առաջ սա մարգարեական հայտնատեսություն էր դժնատեսիլ ապագայի մասին, որը փաստորեն Արցախի կորուստն էր։
Մանկատանը մեծացած Անահիտը՝ «արտաքինից քնքուշ ու բարակիրան» իրականում «ամուր ու հավասարակշիռ», դեմ է գնում քեռակնոջը տված խոստմանը ու տրվում Վարդանին անմնացորդ ու անձնազոհ, միևնույն ժամանակ չի դժգոհում, ընտրության առջև չի դնում իր սիրելի տղամարդուն՝ բոլորն են հայրենիքի առաջ պատասխանատու: Հեղինակը հատկանշում է Անահիտի հոգևոր կերպը՝ Վարդանն էր այն ոգին, որի շուրջը պտտվում է աղջկա կյանքը։ Նա գիտակցում է Աստծո առաջ իր մեղքը, սակայն. «…կնոջական բոլոր իղձերը պոկում էր իրենից, նվիրաբերում Տիրոջը, միայն սիրելին կենդանի մնար…»:
Հայ կինն այն սյունն է, որ իր ուսերին է պահել հայկականությունը, օջախի ծանրությունը, հավատարիմ, անտրտունջ ու անանձնական մղումով ապրել ամբողջ կյանքը՝ հոգում ու մտքում միայն ուժ առնելով իր տղամարդուց: Կինն ի վերուստ տրված ունակությամբ պիտի սեր ու գորովանք ակնկալեր տղամարդուց, հիմա հայրենի օջախի պահպանման ու հայի սերունդը շարունակելու առաքելությունն է կրում իր ուսերին: Սա ընդգծվում է հեղինակի կողմից Զմրուխտ բաբոյի, Արաքսի տատիկի, Թերեզիկի, Անահիտի, Հայկուհու, Իդայի, Շողիկի, Շողերի, Լիլոյի և մյուս կերպարների միջոցով:
Գեղագետ ու խորաթափանց արձակագիրը համեստ, հասարակ ու խորիմաստ ձևակերպումներով կերտում է տիպական հերոսներ: Արտաքինի հպանցիկ նկարագրությունը խորությամբ ներկայացնում է կերպարի էությունը: «Գավառական ուսուցչուհու տեսք ուներ Նարեկի մայրը: Լվացքից ու արդուկից երկարորեն չարչարված հագուստները դեռ կոկիկ տեսք ունեին նրա նիհարավուն մարմնի վրա: Ոչնչով աչքի չընկնող դիմագծերից առանձնանում էր խելացի, խոշոր աչքերի հանգիստ հայացքը: Երևում է՝ այն կանանցից էր, որոնք կյանքի դժվարին փորձություններն անցնում են մենակ, վստահ, ինքնուրույն: Հենց նման կանայք են, որ Նարեկի պես արժանապատիվ, արդարության զգացումով լեցուն զավակներ են մեծացնում…»:
Հետաքրքիր զուգահեռ է անցկացնում հեղինակը Հայկուհու և Անոյի կերպարների միջև. պատերազմի դաշտում կյանքը վտանգի ենթարկելով՝ զինվորների փրկության առաքելությունը ստանձած Հայկուհին «իր երջանկության բանալիները թողել էր պատերազմում զոհված ամուսնու մոտ, որի հետ ընդամենը երկու ամիս է երջանիկ ապրել», իսկ Անոն երեխանների ապրուստը հոգալու համար կապվել էր շուկայի ցմփոր հսկիչի հետ: Հակադիր սկզբունքներ ու ապրելակերպ ունեցող կանայք հայտնվում են միևնույն վայրում՝ կռվի դաշտում, ամուսինների վրեժը լուծելու, նրանց կիսատ գործը շարունակելու համար:
Անոն երկրորդային կերպար է, բայց ավարտուն, տպավորիչ, հիշվող։ Հեղինակը նրան չի ներկայացնում ակտիվ գործողությունների հորձանուտում, մյուս հերոսների խոսք ու զրույցի, ասեկոսեների միջոցով է ընթերցողը ճանաչում Անոյին՝ «մի շեկլիկ, տպավորիչ հարս, որը հարս եկավ Շամշադինից», երեխաներ պարգևեց ամուսնուն և նրա հետ լծվեց ընտանիքը պահելու հոգսին: Սոցիալական ծայրահեղ դժվարությա՞ն, անօգնականությա՞ն, թե՞ ամուսնու` Կարոյի թուլակամության արդյունքում Անոն դարձավ ճարահատյալ ու բարոյազուրկ: Երբ ակնկալվում էր ամուսնու զայրույթը ընտանեկան կոնֆլիկտներին, վերջինիս հանկարծակի անհետացումն ու զոհվելը բարոյապես խորտակվելու եզրին գտնվող կնոջը մղեցին պատերազմի դաշտ՝ ամուսնուն արժանի լինելու: «Այնուհանդերձ, չգիտես ինչու, մտածում էի, որ Կարոյի բացակայության մեջ Անոն ավելի շատ Կարոյինն էր, քան նրա կենդանության օրոք, երբ կողքին էր կողակիցը»,- մտորում էր երիտասարդ ազատամարտիկ Մենուան:
«Ի՞նչ է հայի ուզածն այս աշխարհից» հռետորական հարցադրմանը Մարգարիտ Դերանցը պատասխանում է. «Մի պտղունց ջերմություն ու մի փշուր հանգստություն իր երկրի, իր սիրելիների ու վերջապես հենց իր համար…»:
Բայց ինչի՞ տեր ենք, հազարավոր լույս տղաների եռագույնածածան գերեզնանների տե՞ր: Բոլորովին էլ հիպերբոլա չէ հետևյալ մեջբերումը.
«Բժիշկն իր կամքից անկախ լսեց նրանց զրույցը:
– Աչքդ լույս…
– Ինչի՞ համար ես ասում…
– Տղեդ գերեզմանի տեր դարձավ: Իմիս չեմ գտնում: Մեկ ամիս է՝ զոհվել է, շատ եմ փնտրել… չկա ու չկա…
Բժիշկը շանթահարվեց լսածից: Խոր հոգոց հանեց, որն ավելի մղկտոցի էր նման. «Ո՞ւմ մտքով երբևէ կանցներ, որ մայրերը կուրախանան՝ գտնելով որդիների դիերը…»:
Իսկ Լիլոյի կերպարում պատերազմից առաջացած մարդկային անհավասարակշիռ հոգեկան աշխարհն է, նզովքն ու վրեժխնդրությունը, անօգնականությունը: «Որդեկորույս մոր դերը ապակու պես փշուր-փշուր արեց Լիլոյին: Մի քանի ամիս առաջ էր, երբ, ձեռքը դնելով կրծքին, մոլորված աչքերով դիմել էր սկեսուրին:
-Մա՛մ, դու ինձ բոլորից լյավ ըս ճնաչում, լյոխ-չին կորցրալ ըմ, բայց ջիգյարի ցավը ուրիշ պենա… էդ տյու հունց ապրեցիր Արթուրից հետո… Ես կարում չըմ Դավիթից հետո ապրել, շատ տիժեր է, մեջս մինակ սուգ ա, էլ կյանք չկա…»:
Չկա անդորրավետ սեր, չկա նույնիսկ անդորրավետ կենցաղ, կա հայրենիք, պետությունն ամուր պահելու անհրաժեշտություն, և դրան է անխոնջ լծված հայ կինը, թույլ ու հոգատարության արժանի էակը փոխել է իր գոյության կերպը:
Մարգարիտ Դերանցի կոչն ընթերցողին հերոսի շուրթերով է փոխանցվում. «Եթե կա մեկը, որի համար պատասխանատու ես, ապա ապրելն ու հետագա որոշումները անխուսափելի են»: Ամենահուսահատ պահին ևս պետք է գնահատել ունեցածը՝ փոքր ու անօգնական, խոշտանգված ու խաբված հայրենիքը, և ուժ գտնել ոչ միայն ապրելու, այլև պահելու և պահպանելու այն: «Նույն գյուղն էր, նորից այնտեղ անհոգ ապրելու ցանկությունը կար: Բայց զառիթափի վրա գտնվող մանկության տունը չկար: Տան տեղում խոր, ձագարաձև փոս էր, որ կարծես հողի վերքն էր…»: Այնուամենայնիվ Թերեզիկի մտքում այլ մտքեր էին սավառնում. «…Ես վիզը ծուռ այրի չեմ, այլ հերոսի կին եմ ու հերոսի որդի եմ մեծացնում…»: Հեղինակի ասելիքն ամբողջանում է Թերեզիկին բնութագրող հետևյալ տողերում. «Նա նման էր այն ծառին, որ դեմ է գնում բնությանը, տերևաթափից հետո ծաղկում: Դուստր եղավ հոր համար, քույր՝ Նյուշայի համար, մայր՝ որդու համար: Ցավերն ու կարոտները հող սարքեց օտար երկրում, փոքրիկ տուն կառուցեց, հիվանդ հորը խնամեց, Նյուշային ու որդուն ոտքի կանգնեցրեց»:
Տագնապած ու լքված է յուրաքանչյուր հայի ոգի, իսկ գրողի առաքելությունը հենց այս է՝ ոգեկոչել ու պահպանել, սթափեցնել ու ուղղորդել մարդկությանը:
Գրական ու գեղարվեստական առաջնահերթությունից զատ վեպն ուղերձ է մարդկությանը՝ մարդ մնալու, սեփական առաքելությունը գիտակցելու ևպատասխանատվություն կրելու: Այն փաստաթուղթ է իր հող ու ջրին ամուր կառչած մարդու կենսակերպի, Արցախի աշխարհագրության ու պատմական վկայության մասին։
Այս գիրքն արժե ընթերցել. եթե ցանկանում ես գեղագիտական հաճույք ստանալ, եթե ցանկանում ես խորանալ մարդկային հոգու վայրիվերումների մեջ, տեղեկցված լինել մի տևական ժամանակի պատմական, քաղաքական ու սոցիալական իրադարձությունների, վայելել Արցախ աշխարհի հոյակերտ բնության շունչը, զգալ հաղթանակի բերկրանքն, հաղթահարել պատերազմի մարտահրավերները, և մի շարք այլ եթեներ…
Մերի Մախսուդյան