Չորսամյա երեխայի ձեռքը բռնած՝ Լուիզան հաճախ է գալիս Դիմիտրովի եկեղեցի։ Ամուսիններով զբոսնում են, նստում ու փոքրիկ Կարենին պատմում եկեղեցու մասին։
Ասորի կնոջը հոգևոր շինության բակում պատահաբար հանդիպեցինք։ Իմացավ՝ լրագրող եմ, ցանկացավ խոսել, բայց պայմանով՝ չենք լուսանկարելու ու մտահոգության մասին գրելու ենք այլ անունով։ «Շառից-փորձանքից հեռու»,- ասաց նա ու սկսեց պատմությունը։ «Ամառային արձակուրդները հիմնականում անցկացրել եմ տատիկ-պապիկի հետ։ Իրիկունները գալիս էինք էստեղ, նստում, զրուցում, հա-հա, հի-հի անում։ Մի անգամ հավաքվել էինք հենց նույն տեղում, որտեղ հիմա կանգնած ենք, երբ 4-5 տղա եկան եկեղեցու բակ, բարևեցին-անցան։ Նրանցից մեկը ամուսինս էր։ Եկել էին ընկերոջը հյուր, աչքի պոչով ինձ նկատել էր ու որոշել՝ կա՝ ինքն է, չկա՝ ինքն է։ Երեք բալիկ ունենք, երկու մեծերիս հետ էլ ենք պարբերաբար եկել-գնացել: Հիմա հերթը Կարենինն է՝ պատերազմից հետո ծնված մեր հրաշքինը»։
Ամուսինների համար սա սոսկ վայր չէ։ Հոգևոր պատերի լուռ հայացքի ներքո է ձևավորվել նրանց ընտանիքը, ու պարբերաբար այցելում են։ Ցավոք, այժմ ներս մտնել ու աղոթք անել չեն կարող։ «Նախ՝ վերանորոգում է, դռները փակ են, հետո՝ եկեղեցին ասորիների ձեռքից առան, ու ես էլ նույն հավատով չեմ այստեղ մտնում։ Այսինքն՝ հավատս նույնն է, ամուր է, բայց մեջս ինչ-որ բան փոխվել է։ Ինչու էս գյուղի հայերի ու ասորիների մեջ էսպիսի խռովություն մտցրին՝ չեմ հասկանում։ Թող մնար մեր ազգին (ասորիներին նկատի ունի), ի՞նչ կլիներ»,- նեղսրտում է Լուիզան։
Հայ ամուսինը լուռ է, ոչինչ չի խոսում, ասես չի ցանկանում խաթարել սիրելիի հոգևոր կռիվը։
Լռությունը կրկին խախտում է ասորի կինն ու շարունակում․ «Ախր, երկա՜ր տարիներ էստեղ իրար կողքի աղոթում էին թե՛ հայերը, թե՛ ասորիները, հետո ի՞նչ սև կատու անցավ՝ չեմ հասկանում։ Ճիշտ է, երեխա էի, բայց հիշում եմ մոմավաճառ Ասյային։ Մեր տատիկները պատմում էին, որ նա եկել էր Ռուսաստանից։ Տեսել էր, որ եկեղեցին որևէ մեկի խնամքին չէ, դուռը բացող-փակող չունի, և իր կամքով տեր էր կանգնել շինությանն ու սեփական զավակի պես խնամել, հոգ տարել։ Ասում էին նաև, որ Ասյան գնում էր Ռուսաստան, էստեղ-էնտեղ ու դրսի հայերից ու ասորիներից փող հավաքում, բերում, նորոգում թե՛ էս, թե՛ մյուս վանքը»։
Ո՞ՐՆ Է ՄՅՈՒՍ ԵԿԵՂԵՑԻՆ
Սուրբ Մարիամի հարևանությամբ է գտնվում Դիմիտրով համայնքի մյուս եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսի և Իվլիտայի եկեղեցին։

Սրա շուրջ վեճ-խոսակցություն չկա, ծագումնաբանությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնում։ Որ եկեղեցին ասորական է՝ հուշում է դրա արտաքին ու ներքին տեսքը։ Միանավ բազիլիկն ու շինության առջևի զանգակատունը հայկական ճարտարապետության հետ առանձնակի աղերսներ չունեն։ Տարբեր է նաև խաչը։
ՄԱՏ ՄԱՐԻԱ՞Մ, ԹԵ՞ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
«Մատ Մարիամ»․ խոսակցության հենց սկզբից շեշտում է Իրինա Սագարդովա-Գասպարյանը։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորը հոգևոր շինության պատկանելության հարցը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է։ Գնացել է ընդհուպ դատարանի դուռը։ Հայցը քննվել է երկար, իրավապահներն ի վերջո որոշել են՝ եկեղեցին հայկական է։

Սագրադովա-Գասպարյանը, սակայն, շարունակում է պնդել՝ Մատ Մարիամի ծագումնաբանությունը հայերի հետ չունի և ոչ մի աղերս։
Եկեղեցու կառուցման և պատկանելության մասին առանձին «հետաքննություն» է արել ու հասել մինչև տարբեր ժամանակների վարչաքաղաքական բաժանում։ Այսպես՝ ըստ «Ազգ»-ի զրուցակցի՝ եկեղեցին կառուցվել է 1868 թվականին։ Այդ տարեթիվը նշված է եկեղեցու մուտքի մոտ ու նշված է 2002 թվականի N65 կառավարության որոշման (Արարատի մարզի պատմամշակութային հուշարձանների ցանկի մասին) մեջ։
«Հարակից Մասիս համայնքում ևս եկեղեցի կա՝ հայկական։ Շիլաշփոթի պատճառը հարևան գյուղերի անվանումների ու դրանցում գտնվող եկեղեցիների մեջ է։ Դիմիտրովը նախկինում կոչվել է Ղոյլասար, Մասիս գյուղը՝ Թոխանշալու։ 1830-40-աններին երկու բնակավայրերը միավորվել են, միավորված համայնքը ստացել է Ներքին Ղոյլասար (եղել է նաև Վերին Ղոյլասար, այն այժմ Բյուրավան գյուղն է)։ Տվյալներն այն մասին, որ Ներքին Ղոյլասարում երկու գյուղ է եղել, կարելի է տեսնել մի շարք փաստաթղթերում, այդ թվում նաև «Կովկասի տեղանքների ու ցեղերի նկարագրության համար նյութերի հավաքածու»-ի մեջ, որը թողարկվել է ցարական Ռուսաստանում։ 1945 թվականին Ներքին Ղոյլասարը նորից բաժանել են Թոխանշալուի ու Ղոյլասարի։ Հայկական գյուղը միանգամից վերանվանվել է Մասիս, իսկ ասորականը՝ չորս տարի անց, Դիմիտրով։
Հայ առաքելական եկեղեցու այն ժամանակվա բոլոր փաստաթղթերում նշվում է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին Ներքին Ղոյլասարում է։ Բայց, փաստորեն, դրանք վկայագրումներ են ոչ թե մեր, այլ Մասիսի եկեղեցու մասին։ Այնինչ՝ մեր Մատ Մարիամի մասին փաստաթղթերում ոչինչ չկա։ Բայց դա չի նշանակում, թե ասորական եկեղեցին գոյություն չի ունեցել»։
Որ հայկական աղբյուրներում հիշատակվում է ոչ թե վիճահարույց եկեղեցին, այլ՝ դրկից համայնքինը, ըստ ասորի պատգամավորի՝ ապացուցում է նաև Հայաստանի Ազգային արխիվում պահվող Ղոյլասարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու կնիքի պատկերը։ Այն ամենևին նման չէ Սուրբ Աստվածածնին, ավելի շատ հայկական ավանդական եկեղեցի է հիշեցնում։ «Համոզված եմ՝ այն եկեղեցին, որ պատկերված է կնիքի վրա, գտնվում է Մասիս գյուղում»,- ասում է Իրինան։։
Ի՞ՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Իրինա Գասպարյանի համոզմամբ՝ ի տարբերություն հայկական եկեղեցու, որի մկրտության ավազանը գտնվում է տաճարի հյուսիսային կողմում, սուրբ Աստվածածնի մկրտության երկու ավազան կա՝ հյուսիսային և հարավային կողմերում։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում «Արցախի գանձերը. Ծիծեռնավանք» խորագրով մի հոդված կա, որում նշված են հայկական եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունները: Դրանցից մեկը խորանի հետևում պատուհանի բացակայությունն է։ Մինչդեռ մեր եկեղեցում այդ հատվածում պատուհան կա»,– ասում է զրուցակիցս։

ԷՋՄԻԱԾԻՆԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԱՍՈՐԱԿԱՆ ՀԵՏՔ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Սուրբ Աստվածածնի ծագումնաբանության մասին Մայր Աթոռը դեռ տարիներ առաջ է ներկայացրել համապարփակ պարզաբանումներ։ Եկեղեցու բարավորի՝դռան վերին հատվածի վրայի արձանագրության մեջ հստակ երևում է 186 թիվը. վերջին թիվը հստակ չէ, սակայն վերևի կորությունը ենթադրել է տալիս, որ այն 2 կամ 8 պետք է լինի:

Քանի որ 1865 թվականին արդեն եկեղեցում մկրտություն է կատարվել, կարելի է ենթադրել, որ 1862 թվականին է եկեղեցին հիմնադրվել, իսկ գործել սկսել է երեք տարի անց:
1913 թվականին պահպանված եկեղեցու կնիքի նկարից էլ երևում է, որ ունեցել է նաև կենտրոնական գմբեթ, որը, հավանաբար, խորհրդային տարիներին քանդվել է:
Այս եկեղեցում 1865-1917 թթ․ սպասավորել են տեր Ղազար քահանա Տեր-Վարդանյանն ու տեր Արիստակես քահանա Տեր-Վարդանյանը:
Այն, որ ասորական տարբեր հեղինակներ բնակավայրը նկարագրելիս հիշատակում են, թե գյուղում գործել է երկու եկեղեցի՝ Ս. Կիրիլն ու Ս. Աստվածածինը, դա դեռ չի նշանակում, որ Ս. Աստվածածին եկեղեցին ասորական է:
Ինչ վերաբերում է եկեղեցու մոմավաճառին, ապա, այո, շուրջ 25 տարի, նա է խնամել այն։ Եղել է ասորի կին, որ մասնավոր զրույցների ժամանակ բազմիցս պատմել է, թե երազում իրեն պատվիրել են վերադառնալ Վենետիկից ու խնամել եկեղեցին: Սա, իհարկե, երախտագիտության արժանի քայլ է։ Այսօր էլ եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ ծախսերի զգալի մասը հոգում են հենց ասորիները:
«Ազգ»-ի հետ զրույցում եկեղեցու այժմյան սպասավոր տեր Տիրան քահանա Նահապետյանն ասում է, որ ասորի կամավորներն այսօր էլ մեծ սիրով են օգնում Աստվածածնի անունը կրող եկեղեցու նորոգման աշխատանքներում։

«Երեք տարի է, ինչ հոգևոր ծառայություն եմ մատուցում նաև Դիմիտրով համայնքում և այսքան ժամանակ որևէ խոչընդոտ, վեճ չեմ նկատել գյուղում ապրող հայ և ասորի հավատավորների միջև։ Մենք ունենք առաքելադավան ասորի շատ հետևորդներ, որոնք սիրով են մասնակցում հայ եկեղեցու ծեսերին ու հոգևոր կյանքին: Քիչ չեն դեպքերը, երբ ասորիների ուրախ և տխուր արարողությունների ծեսերը ես եմ կատարում։ Այսինքն՝ իրար չհասկանալու կամ համերաշխ չապրելու մասին խոսք լինել չի կարող»։
Ինչ վերաբերում է այժմ ընթացող նորոգմանը, ապա ըստ քահանայի՝ այն իրականացվում է գյուղի բարերարներից մեկի ֆինանսավորմամբ։ Ոչ միայն ամրացվում են պատերն ու տանիքը, այլև արտաքին և ներքին պատերն են ազատվում խորհրդային տարիների անաստված հետքից։ «Եկեղեցին, ճիշտ է, ի տարբերություն այդ ժամանակահատվածի մյուս կոթողների, պահեստի չի վերածվել (բնակիչները թույլ չեն տվել), բայց խորհրդային բարքերն արել են սև գործը. պատերը ներկվել են տարատեսակ գույներով, դրսից էլ պատվել են սվաղի շերտով։ Այդ ամենն այժմ մաքրում ենք, որ եկեղեցին ներկայանա իր բնական տեսքով»,- մանրամասնում է տեր Տիրանը։
Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2018 թվականին Հայ առաքելական եկեղեցում ամրագրված սուրբ Աստվածածնի պատկանելության մասին դիմել էինք նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Պետական գերատեսչությունից մեզ արձագանքել են խիստ լակոնիկ․ «Դիմիտրով համայնքում հաշվառված է երկու եկեղեցի՝ Ս. Աստվածածին եկեղեցի և ասորական Ս. Կիրիլ եկեղեցի»։
ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Եկեղեցու «ճակատագրի» իսկության պրպտումները Դիմիտրով են հասցրել նաև կրոնագետ Հայկ Հակոբյանին։ Պատմական գիտությունների թեկնածուն ասում է, որ գյուղ է այցելել 2019 թվականին՝ այն ժամանակվա հոգևոր սպասավոր տեր Միքայել քահանա Նուրիջանյանի խնդրանքով։ Հակոբյանին տեր հայրը խնդրել է գնալ և կարդալ եկեղեցու պատերի արձանագրությունները՝ հասկանալու՝ եկեղեցին հայկակա՞ն է, թե՞ ոչ։

«Եկեղեցու վրա կա 2 արձանագրություն, որ վկայում են՝ եկեղեցին հայկական է։
1 «Տ(է)ր ա(ստուա)ծ Յ(իսու)ս Ք(րիստո)ս. /186- ամ(ի) / կառուցաւ / Ս(ուր)բ Ա(ստուա)ծ(ածի)ն եկէղէցին / գէղջ Նէրքին Ղօյլասարի, / ա(մենայ)ն օժանտակութ(եամ)բ Յակ/օբ ք(ա)հ(անայ)ի, ժօղ(ովր)թի ի(ւ)ր(ո)յ, փ(ետրուարի) 1»:
2․ 1910 ամ(ի) / յ(ու)ն(ի)ս 1. / նորոքէց / Ղոյլասա/րու եգեղե/ցին յիշ(ա)տ(ա)կ / Յովագիմ / Տ(է)ր-Վ(ա)րդ(ա)նե(ա)ն://»:
Ի դեպ, նույն վերծանությունը արել է նաև երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը»,- մեկնաբանում է կրոնագետը։
Սևակ Վարդումյան