«Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 7-ը Երևանում անցկացվում է Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները, որի շրջանակում նախատեսված է միջազգային գիտաժողով, Նախատեսված են նաև ներկայացումներ և թատերական ընթերցումներ, թատերկի հայերեն հրատարակության շնորհանդես։
6-րդ թատերական հանդիպումները՝ «Էոժեն Իոնեսկո․ աբսուրդի վերժամանակյան երևույթը» խորագրի ներքո, նվիրված է ռումինացի ֆրանսագիր թատերագրին։
Վեց տարի շարունակ այս նախագիծը ֆրանսագիր թատերգուների երկերի միջոցով հետամուտ է Հայաստանում ժամանակակից ֆրանսագիր թատերարվեստի տարածմանը: Այսօր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկեցին «Ժամանակատարածական և հասարակական դրսևորումները Էոժեն Իոնեսկոյի արվեստի և փիլիսոփայության մեջ» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքները, որոնք շարունակվեցին Հայաստանում ֆրանսիական համալսարանում, իսկ նոյեմբերի 5-ին գիտաժողովը կհյուրընկալվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Գիտաժողովին զեկույցներով հանդես են գալիս հայաստանյան բուհերի, Ռումիներենի ինստիտուտի, Բուխարեստի համալսարանի գրականության ֆակուլտետի, Ի․Լ․ Կարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանի գրականագետներ, թատերագետներ, լեզվաբաններ։
Նախագիծն իրականություն է դարձել գործընկերների աջակցությամբ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն (OIF), Հայաստանում Ռումինիայի դեսպանություն, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն, «Անկյունաքար» հրատարակչություն:
Նախագծի մեկնարին ընդառաջ՝ Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչ Էրիկ Պոպպը։