Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պոեզիան բնավորություն է. բանաստեղծ Հայկ Սիրունյանը` «Ադամամութ» անդրանիկ ժողովածուի մասին

08/02/2021
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ստեղծագործող Հայկ Սիրունյանը ԵՊՀ  հայ բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է: Բանաստեղծություններ է գրում դեռ մանկուց և չի հերքում, որ գրելու շնորհը ժառանգել է հորից՝ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանից:

Հայկն առաջիկայում պատրաստվում է ընթերցողներին ներկայացնել իր առաջին «Ադամամութ» ժողովածուն, որում ներառվել են բանաստեղծություններ և էսսեներ:

«Արմենպրես»–ի թղթակիցը Հայկի հետ հանդիպել է «Զանգակ» գրատանը, շնորհաշատ պոետի հետ զրուցել նրա ստեղծագործելու յուրահատուկ ձևերի, ոգեշնչման ժամերի և սպասված գրքի մասին:

-Կարո՞ղ ենք ասել, որ Ղուկաս Սիրունյանի որդին լինելն ի սկզբանե կանխորոշել էր ձեր՝ պոետ դառնալը:

-Ղուկաս Սիրունյանի ներգործությունն ինձ վրա մեծ է. կրում եմ նրա ուղիղ բարերար ազդեցությունը: Վեց կամ յոթ տարեկան էի, երբ գրեցի առաջին բանաստեղծությունս, որ կոչվում էր «Տունդ շինվի, գնդա՛կ», իհարկե  դա անկանխակալ հումորի մի շերտ ուներ: Նա մեծ հրճվանքով հրապարկեց այն տարբեր հարթակներում ու  պատմում էր ամենուրեք: Բազմաթիվ զրույցներ եմ ունեցել հորս հետ, սակայն այնպես ստացվեց՝ երբ ճակատագրական քայլ էի անում, նա ֆիզիկապես  կողքիս չէր, բայց … ինչպես արդեն մեկ անգամ գրել եմ՝ նա իմ առասպելական մեկենասն է…

Ի դեպ մայրս նույնպես բանաստեղծուհի է, ունի մի քանի գրքեր, տարբեր հաջողության հասած բանաստեղծություններ, որոնք առանձին ձեռագրի օրինակներ են: Մեր տանն ամեն ինչ մի տեսակ գրական է… 

-Ղուկաս Սիրունյանը նաև սիրված մանկագիր էր: Փորձե՞լ եք ստեղծագործել երեխաների համար:

-Մանկագրությունն անհավանական զգուշություն է պահանջում. փոքրերի համար գրելը մեծ պատասխանատվություն է: Չեմ բացառում, որ մի օր կզբաղվեմ մանկագրությամբ, բայց մոտ ապագայում նման տեսլական չկա: Ըստ իս՝ 21-րդ դարում նոր աշխարհայացքի, չծեծված մանկագրության մեջ դասականի նշաձողի հասած գրող, բանաստեղծ է և չտեսնված մանկագիր է Ղուկաս Սիրունյանը:

-Հաճախ են մեզ հարցնում, թե ինչու ենք զբաղվում այս կամ այն աշխատանքով: Ինչո՞ւ եք գրում: Պոեզիան ձեզ համար ինքնաարտահայտման ձև՞ է, թե՞…

-Պոեզիան բնավորություն է: Հայերն առհասարակ բանաստեղծական խառնվածքով են, այսինքն` մեր էթնիկ ատաղձը մեղեդայնությունն է: Մեզ հատուկ է բանաստեղծական մտածողությունը: Ինչպես Սերժ Սրապիոնյանը, այնպես էլ ես ինձ համարում եմ բանաստեղծական, քնարական ստեղծագործող: Գրում եմ նաև էսսեներ, որոնք, իհարկե, որոշ վերապահումներով ելևէջային մեղեդայնություն ունեն իրենց տողարանքներում: Չգրելն անհնար է: Դժվար է բացատրել, թե ինչու ես գրում, ավելի հեշտ է ասել, թե ինչու չես գրում:

-Ձեր ապագա ընթերցողներին կներկայացնե՞ք այն հիմնական թեմաները, որոնք արծարծում եք: Կա՞ն խնդիրներ, որոնց բարձրաձայնումը ձեզ համար առաջնային է:

-«Ադամամութ»-ն իրենից ներկայացնում  է բանաստեղծական շարքեր և  երեք էսսե: Բազմաժանր գործեր ունեմ, որոնք  չեմ զետեղել այստեղ. դրանք մոտ ապագայում: Սա փոքրիկ գիրք է, իմ առաջնեկը, որն ընծայագրել եմ հորս:

Գրում եմ ամեն ինչի մասին, շուրջս պտտվող, ներսումս բզզացող անբառ «գոյացությունների» մասին, իսկ խնդիրները գրականություն ներմուծելը պատահական իրողություն է… ամեն ինչ հնարավոր է. վերցնենք մեղվի մոդելը: Մեղվի միջով կարող է արտանետված ծուխն էլ անցնել, բայց նա մեղր է արտադրում: Բնականաբար, կան խնդիրներ, որոնց մասին խոսվում է այլաբանական հանգուցալուծումներով և գրողից է կախված` կդառնա՞ մաքուր գրականություն, թե՞ ՝ ոչ: Այլաբանորեն թույլ ակնարկ է պարունակում մասնավորապես  «Այց» էսսեն:

-Աշխատում եք գրիչով ու թղթով: Մեր  օրերում մարդիկ ձգտում են արագ գործել՝ դիմելով համակարգչի օգնությանը, իսկ դուք՝ ոչ: Ինչպե՞ս է դա ստացվել:

-Գուցե ժամանակավրեպ թվա մեր այս «չքնաղ նոր աշխարհում», բայց  ինձ համար խորթ է մոնիտորի հետ աշխատելը: Ես գրում եմ գրիչով, դե երբեմն էլ մատիտով, միայն թե՝ ոչ  ստեղնաշարով: Ես չեմ կարող բանաստեղծությունը թղթի վրա չտեսնել: Ցանկացած գործ պետք է խմբագրվի և անցնի սպասողական, «եփման» ուղի: Գրելուց որոշ ժամանակ անցնում է, մարսվում ենք, փոխվում ենք,  նոր հայացքներ ենք ձեռք բերում, հետո կարդալիս, եթե որոշակի փոփոխություններ չենք անում, ուրեմն գործը պատրաստ է: Ընդհանրապես  ստեղծագործողներին անհանգստացնող գերխնդիրներից է ստեղծագործությունն ավարտուն տեսքի բերելը: Դա իմաստավոր և շա՜տ լուրջ մի խնդիր է, որին բովանդակ արվեստում բախվում են բոլորը:

-Ըստ ձեզ՝ ի՞նչ հարցերի պետք է անդրադառնա ժամանակակից հայ գրականությունը դասական դառնալու համար: Շոշափի համամարդկային հարցե՞ր, թե՞…

-Լավ գրականություն ստեղծելու համար պարտադիր չէ խոսել համամարդկային խնդիրների մասին: Ի՞նչ ասել է համամարդկային խնդիրներ, և ի՞նչ ասել է դասական գրականություն: Ամուր, բառի բուն իմաստով, գրականությունը պետք է վերափոխի մարդուն, ուսուցանի, էտի, ինչպես ծառն են էտում, վերաիմաստավորի և նմանատիպ բառերի մի անծայր ու գործուն հերթականություն պետք է տեղի ունենա: Եթե վերցնենք մասնավորապես  պոեզիան, ապա  վերջինիս բնավ էլ  պետք չէ դիտարկել որպես փիլիսոփայությանը կառչած մի կախվածություն: Պոեզիան նախ և առաջ մեղեդի է, մորմոք, վերգետնյա խոսք, որ շուրթերից դուրս գալու պահին կտրում է մեզ հողից (մեր պարագայում՝ ասֆալտից): Պոեզիան աննկարագրելի, անբացատրելի  հասկացողություն է: Նրան կարելի է ընկալել, բայց ինքնությունը մեկնել՝ ոչ մի դեպքում: Այո՛, շատ կան նույնիսկ խիստ անձնական մոտիվներով գործեր, որոնք այնքան վարպետորեն են գրված, որ ասես մենք ապրած լինենք, կան, իհարկե փիլիսոփայական արտածումներով հագեցած դասական գործեր էլ. պոեզիան ժխտում է սահմանն ու չի «կետադրվում»: Երբեք:  Իսկ մեղեդու համար առհասարակ  պետք չէ որոնել սոփեստական, և կամ խրտնացնող բառեր:

-Ձեր ընկեր, գրականագետ Գևորգ Գյուլումյանը, խոսելով ձեր անդրանիկ ժողովածուի մասին, գրել է. «Ժողովածուն ազդարարում է Հայկի ասելիք ունենալու հանգամանքը միայն, նա իր բուն ասելիքը դեռ հետո է ասելու՝ իրար գերազանցող ժողովածուներով: Հայկն այլընտրանք չունի. նա պետք է կատարի իր պոետ հոր խնդրանքն ու պահանջը: Հայկը երևույթ է դառնալու, գրական երևույթ, հանրային դեմք»: Այս խոսքերն ի՞նչ նշանակություն ունեն ձեզ համար: Պարտավորեցնո՞ղ են արդյոք:

-Հիշեցի Վահագն Դավթյանի խոսքը, որ Նարեկացուց հետո գրիչ ես վերցնում ձեռքդ ուրեմն… այսքանով ասված է կարծում եմ: Անկասկած պարտավորեցնող են: Առաջիկայում շատ ու շատ ծրագրեր կան, որոնք, կարծում եմ՝ կհաջողեմ: Ես միանշանակ ձգտում եմ դեպի հարմոնիա, դեպի խաղաղ ներդաշնություն և չունեմ որևէ միտում իսկ ինձ հանրայնացնելու: Գործերս՝ գուցե, բայց ես հայտնիության մղում երբևէ չեմ ունեցել: Գևորգ Գյուլումյանն իմ ընկերն է, միաժամանակ ավելին, քան ընկեր և ինձ ոգևորող, իմ մեջ կայծեր փնտրող առաջիններից է: Հանրային դեմք ասելով, բացի գեղարվեստական գործունեությունից, նկատի է ունեցել նաև Azgonline.am-ում իմ հրապարակախոսական, վերլուծական հոդվածներով հանդես գալը, որոնք, իհարկե, մասսայական քննարկման են արժանանում:

Շատ եմ ասել և էլի կասեմ՝ եթե գրքիցս ընթերցողը հավանի մեկ բանաստեղծություն, նույնիսկ մեկ տող՝ ես կլիանամ: Ինձ համար ընթերցողին բավականացնելն ու էսթետիկ հաճույք պատճառելն առաջնային է:

-Ինչո՞ւ «Ադամամութ»:

-Գրում եմ երեկոյան, ուշ ժամերի, իսկ դա իմ պատկերացումներին, իմ հոգեկերտվածքին մոտ ժամանակահատվածն է. երբ մթնում է, երբ սկսում է լուսանալ: Երբ մեջտեղում է ամեն ինչ, օրն ինքն էլ: Ե՛վ թնդության, և՛ թանձրության, և՛ լուսանալու, ահագնանալու  մետաֆորային ակնթարթ է: Խոստում կա օրվա այդ հատվածում: Նույնիսկ  այդ ժամերին գրված ստեղծագործությունն է գիշերվա խաբուսիկ ու տարօրինակ նարոտով ձգվում, երբ  կարդում ենք ցերեկվա խժդժոցի մեջ:

-Իսկ ե՞րբ է լույս տեսնելու «Ադամամութ»-ը:

-Գիրքն արդեն լույս է տեսել, գրախանութներում է և սպասում է ընթերցող աչքերի: Հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, որի ողջ անձնակազմին շնորհակալ եմ պրոֆեսիոնալ աշխատանքի և հրաշալի մոտեցումների համար: Գիրքը խմբագրել է Սերժ Սրապիոնյանը, որն իմ ճանաչած երևելի մտածողներից է և իմ պատկերացումների «Այր երանելի» գրաբարյան անեղծացնող արտահայտության մարմնացումը մեր օրերում: Այլ մարդու մասին չեմ էլ մտածել: Ի սկզբանե որոշել եմ, որ նա պետք է խմբագրի իմ գիրքը, և փաստացի ունեցա այդ բախտավորությունը: Նույնիսկ չզարմացա, երբ ճիշտ նկարագրեց իմ կերտվածքը, խառնվածքն ու անաչառ քննեց գիրքս: Ինձ համար մեծ պատիվ է նրա «երկու խոսքով» գրքիս կառուցվածքը տեսնելը:

Շնորհանդեսը կկայանա փետրվարի 19-ն, ժամը 18:30-ին, Խնկո Ապոր գրադարանում: Եվ ես սիրով կսպասեմ բոլորին:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Armenpress.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենը համաձայն չէ վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին վերադառնալու համար

Հաջորդ գրառումը

Մարտակերտի մի շարք բնակավայրերում կիրականացվեն վտանգ ներկայացնող զինատեսակների վնասազերծման աշխատանքներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դուք չունեք նավթ, չունեք գազ, գուցե հենց այդ պատճառով էլ Արցախում տեղի ունեցածը որոշներին հետաքրքիր չէ. «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի ֆրանսիական ցուցադրությունները

27/01/2026
Մշակութային

Վարդանյան եղբայրների կրկես — XTREME Միջազգային մակարդակի էքստրեմալ կրկեսային շոու

27/01/2026
Կինո-Թատրոն

Անդրանիկ Խաչատրյանը լքել է Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

16/01/2026
Մշակութային

«Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդես` նվիրված Սուրբ Ծննդին

12/01/2026
Հաջորդ գրառումը

Մարտակերտի մի շարք բնակավայրերում կիրականացվեն վտանգ ներկայացնող զինատեսակների վնասազերծման աշխատանքներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական