«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022-ի մայիս ամսվանից մեկնարկած պեղումները և հնագիտական հետազոտություններն ավարտվեցին օրերս։ Պեղումներն իրականացնում էր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար` Արման Նալբանդյան, հնագետ` Մհեր Խեչոյան, լաբորանտ` Սարգիս Բիսլամյան) ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և առանձին դրամաշնորհով՝ բերդաքաղաքի վերականգնման և բարեկարգման ծրագրի շրջանակներում։
Պեղումներ են կատարվել ամրոցի պարսպին ներսից հարող տարածքում, պարսպապատի «գագաթին», քաղաքատեղիի առաջին և երկրորդ բաղնիքների ներսում և նրանց մերձակայքում, հետազոտվել են եկեղեցին, մատուռ-դամբարանը, ինչպես նաև հետախուզական աշխատանքներ են կատարվել ամրոցի ներսում և նրա պարիսպներից դուրս: Պեղումների արդյունքում բացված պատաշարերը, կառույցների հիմքերն ու հատակները, հայտնաբերված մանրամասները զգալիորեն կնպաստեն նշյալ կառույցների վերականգնման նախագծերն առավել ամբողջական և լիարժեք կատարելուն: Նշենք, որ վերականգնման նախագծերը ևս իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճարտարապետական խումբը՝ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ։
Պեղումներով բացվեցին ոչ միայն պարսպապատը այլև դրան կից մի շարք օժանդակ կառույցների հիմքեր, տնտեսական հորեր, օջախներ և այլն: Պարսպի գագաթի հողաթմբի նմանվող շերտի հեռացումից հետո ի հայտ եկան նոր պատաշարեր, ուղղանկյուն և կլոր հատակագծով կառույցներ, որոնք եղել են պաշտպանական հենակետեր և զինանոցներ: Ամրոցի ներսում գտնվող երկու բաղնիքներում էլ պեղումներով բացվեցին հիպոկաուստ հատակի սյուները, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը, սալահատակներ, ջրավազաններ և գոլորշու հեռացման օդամուղները:
Գտածոների մեջ աչքի են ընկնում ջնարակված և քանդակազարդ ընտիր շքաղյուսները, թռչնային, բուսական, երկրաչափական պատկերներով թասիկները, որոնք իրենց զուգահեռներն ունեն Անիում և Դվինում: Հետաքրքիր գտածոներից կարելի է թվարկել ծխամորճերը, ուլունքներն ու ապարանջանի բեկորները, մետաղադրամները, բաղնիքի կավե ցնցուղ-ծորակները, զանգը, կաղապարները, ոսկրից գործիքները, ապակե սրվակների բեկորները, խաղաքարերը, նետասլաքները, լուսավորության միջոցները, թնդանոթի արկերը և այլն: Առանձնահատուկ պետք է նշել Առաջին բաղնիքի ներսից գտնված կենդանու կավե արձանիկը, որ հավանաբար խաղաքար է եղել և աշխատանքների վերջին օրը հայտնաբերված մետաղական սրբապատկերը: