1936 թ. հոկտեմբերին Վիլյամ Սարոյանն իմանալով, որ իր լավագույն բարեկամը՝ Ռուբեն Մամուլյանը, որը գործերով դեռևս ամռանը մեկնել էր Թիֆլիս և Երևան, վերադարձել է, այցելում է նրան՝ Հայաստանի մասին տեղեկություններ իմանալու նպատակով։ Ահա այստեղ էլ՝ Ռուբեն Մամուլյանի հարկաբաժնում, Սարոյանը հանդիպում է Չարլի Չապլինին։ Տեսնելով նրան՝ մի պահ կարկամում է և դռների արանքում որոշ ժամանակ կանգնած մնում։ Ռուբեն Մամուլյանը, տեսնելով հայրենակցի շփոթմունքը, նրան ներս է հրավիրում և ծանոթացնում Չարլիի հետ։
Նյու Յորքի այն համեստ կացարանը, ուր բնակվում էր Չարլի Չապլինը, գտնվում էր Սարոյանի կացարանի հարևանությամբ։ Ամեն երեկո, երբ Չարլին վերադառնում էր նկարահանումներից, տունդարձի ճանապարհին գրեթե միշտ հանդիպում էր Սարոյանին, որը սովորություն ուներ երեկոները մեն-մենակ շրջել փողոցներով, տեսնել հոգսաշատ մարդկանց, նրանց հոգսն ու ցավը հասկանալ։ Հաճախ նրանք շրջում էին փողոցներով և տեսնում կյանքից հոգնած մարդկանց, որոնց Չապլինը սիրով բարևում էր, երբեմն կատակում նրանց հետ։
Սարոյանը հաճախ էր Չապլինին պատմում իր երկրի, իր ժողովրդի մասին, և վերջինս ցանկություն էր հայտնել լինել այնտեղ, էլ ավելի մոտիկից ծանոթանալ հինավուրց այս երկրի և նրա մարդկանց հետ։ Սարոյանը խոստացել էր նրան տանել իր երկիրը։ “Կուզէր երթայինք Բիթլիս,- մի առիթով վկայել է Սարոյանը,- ես շատ եմ լսեր քեզմէ քու երկրիդ մասին, կուզեմ տեսնել ան, երբ գործերնիս թեթևնայ, անպատճառ պիտի երթանք, պիտի նկարեմ քու երկիրդ, որ միշտ քեզի հետ ըլլայ, ավաղ, չկրցանք երթալ”։

1943 թվականին Սարոյանը, կնոջ՝ Քերոլի խնդրանքով, մեկնում է Նյու Յորք՝ Չարլզ Մարկուսի հայրական հարկի տակ նշելու Քերոլի ծննդյան տարեդարձը (Չարլզ Մարկուսը Քերոլի որդեգիրն էր և նրան տվել էր իր ազգանունը)։ Քերոլի հրավերով այստեղ էին հավաքվել ինչպես Սարոյանի, այնպես էլ Քերոլի լավագույն ընկերներն ու բարեկամները, որոնց թվում էին Չարլի Չապլինը, Ունա Օ’նիլը։ Ահա այստեղ էլ Չապլինը ծանոթանում է Ունայի հետ, որը հետագայում դարձել է նրա կինը։
1952 թվականին, երբ Չապլինին իր նկարահանած “Մսյո Վերդու”, “Բեմի լույսերը” ֆիլմերի համար վտարում են ԱՄՆ-ից, Սարոյանը խորապես վշտանում է, անմիջապես կապվում է Չապլինի հետ, նրան առաջարկում իր օգնությունը և փորձում նրան դուրս բերել հոգեկան ծանր վիճակից։

1952-1954 թ. Չապլինն ընտանիքով ապաստանում է Շվեյցարիայում, 1955 թվականին տեղափոխվում Լոնդոն։ Երկար տարիներ Սարոյանն ու Չապլինը չեն հանդիպում։ Սարոյանը միշտ հետաքրքրվում էր Չապլինով։ 1975 թ. մայիսի վերջին Փարիզում պատահաբար հանդիպում են Սարոյանն ու Չապլինը։

“Հանդարտ կը քալեի Սենայի ափերով, հանկարծ նկատեցի ծանոթ պրոֆիլ մը,- հավաստում է Սարոյանը,- դեպի ինձ կուգար փոքր ծերունի մը՝ ձեռնափայտը ձեռքին, որը արագ կը պտտցներ, քովեն կքալեր Ունան, որուն անմիջապես ճանչցա։ Երբ անոնց դեմը ելա, անոնք պահ մը կանգ առին, չեմ կրնար բացատրել անոնց զարմանքն ու ուրախությունը։ Մենք ուղևորեցանք անոնց հյուրանոցին սենյակը և մինչև լուսաբաց խոսեցանք։ Ավաղ, այլևս չտեսնվեցանք։ Երկու տարի ետք մամուլեն տեղեկացա, որ Չափլին հեռացեր է այս աշխարհեն, չեք հավատար, թե որքան վշտացա, մանուկի մը պես կու լայի”։
Այն հարցին, թե որն էր նրանց երկար բարեկամության գաղտնիքը, Սարոյանը պատասխանել է. “Բարությունը և նորեն բարությունը, բարեկամեցողությունը”։